Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայք»-ը տեղեկացնում է, որ ՀՀՇ-ի վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. - «Գործող վարչախմբի իրականացրած ապօրինությունների եւ բռնությունների հետեւանքով Հայոց Համազգային Շարժում կուսակցության գործունեությունը փաստացի կասեցված է: Վարչության անդամների մեկ երրորդը ձերբակալված է, այդ թվում` վարչության նախագահը եւ վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը: Մեկ երրորդն էլ հարկադրված թաքնվում են հետապնդումներից: Ցանկացած պարագայում մենք դեմ չենք երկխոսությանը, սակայն համոզված ենք, որ դրա համար անհրաժեշտ է ստեղծել հավասար պայմաններ: Այլ կերպ ասած, վարչախումբը պետք է իրականացնի ԵԽԽՎ-ի` Հայաստանին վերաբերող բանաձեւում պարունակված առաջարկներից գոնե առաջինը` ազատ արձակի քաղաքական հայացքների համար բոլոր կալանավորվածներին եւ դադարեցնի քաղաքական հետապնդումները»:

«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը փաստում է. - «Անցած տարվա աշնանից ՀՀ առաջին նախագահի քարոզչությունը հիմնված էր մի թեզի վրա. - «Նրանք, ովքեր իմ կողքին չեն, Սերժ Սարգսյանի կողմնակիցներն են»: Արդյոք Սերժ Սարգսյանը հակադրվո՞ւմ էր այդ թեզին: Ամենեւին. ներկայիս նախագահն էլ, ըստ էության, ասում էր. - «Ովքեր Տեր-Պետրոսյանի կողքին չեն, նրանք ընդդիմադիր չեն` իմ հաճախորդներն են»: Դրանից էլ լավ երկխոսությո՞ւն եւ «կոնսենսո՞ւս»: Այդ կոնսենսուսի արդյունքում մենք ունենք իշխանություն, որը մարտի 1-ին արյուն է թափել, որը իր հակառակորդների նկատմամբ գործում է բացառապես ուժային, ռեպրեսիվ մեթոդներով, եւ որը (ինչպես ցույց են տալիս «ծառայողական քննությունները») ի վիճակի չէ ազատվել նույնիսկ իր ամենաօդիոզ դեմքերից: Մյուս բեւեռում կանգնած է ընդդիմությունը, որը համախմբել է ողջ բողոքական ընտրազանգվածը` ծայրահեղ կոմունիստներից մինչեւ ծայրահեղ լիբերալ համակիրներով, եւ որը բոլոր քաղաքացիներից պահանջում է կանգնել «հակաավազակապետական» հեղափոխության դրոշների տակ: Քանի որ այդ յուրովի երկխոսությունն արդեն կայացել է եւ կողմերը «պայմանավորվել են կենաց-մահու պայքար մղել, այսինքն` «ծրագրավորված» են միմիայն իրար ոչնչացնելու վրա, խոսել ինչ-որ «երկխոսությունների» մասին` անիմաստ է: Կողմերը պարզապես շահագրգռված չեն որեւէ համաձայնության գալու մեջ: Ընդդիմությունը ձգտում է հեղափոխության ճանապարհով («չընտրությունները» ապացուցում են, որ այլ ճանապարհ չկա) տապալել իշխանությունը եւ գալ իշխանության, իսկ իշխանությունը` ոստիկանական ծեծուջարդով, հնարավորինս շատ հակառակորդներ բանտերը գցելով վայելել աթոռները 5-10 տարի: Հենց այդ պատճառով էլ իշխանություն-ընդդիմություն գործարքը տեղի չի ունենում»:

«Հայոց Աշխարհ». - «Վերջին երկու ամիսների ընթացքում ընդդիմությունը ցանկացած առիթ օգտագործում է հասարակությանն իր հետեւից տանելու, նրա մեջ նոր իշխանության հանդեպ անվստահություն սերմանելու համար։ Բավական է միայն մատնանշել մայիսի 8-9-ի տոնակատարությունների օրինակը, երբ Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը անգամ Հայրենական պատերազմում հաղթանակի տարեդարձն օգտագործեց հերթական երթը կազմակերպելու համար։ Փոխարենը իշխող քաղաքական կոալիցիայի մեջ մտնող ուժերը կազմակերպեցին կամ առանձին, ոչ մեծ հիշատակի արարողություններ, կամ էլ նեղ կուսակցական բնույթ ունեցող միջոցառումներ՝ բավարարվելով հերթապահ բնույթի եւ ինչ-որ առումով ալարկոտ հայտարարություններով ու մեկնաբանություններով։ Պարզ է, որ եթե առաջիկայում եւս քառակողմ կոալիցիան բավարարվի առավելագույնը արձագանքողի դերով եւ ակտիվորեն չզբաղվի կառավարության ծրագրում ամրագրված հավակնոտ նպատակների հանդեպ հասարակական վստահության մթնոլորտ ձեւավորելու հարցով, ապա քաղաքական դաշտը հերթական անգամ կզիջի ընդդիմությանը»։

«Չորրորդ իշխանություն». - «Դուք ուզում եք փչացնել այստեղ տիրող տոնական տրամադրությունը», - Եռաբլուրում հայտարարել է վարչապետ Տիրան Սարգսյանը` անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, թե Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկներից շատերն այսօր գտնվում են բանտերում»: Թերթը մեկնաբանում է. - «Թե ինչ «տոնական տրամադրություն» կարող է լինել Եռաբլուրում` թողնում ենք Տիգրան Սարգսյանի խղճին: Սա դեռ հարցի մի կողմն է: Փաստորեն, ըստ Տիգրան Սարգսյանի, Շուշիի ազատագրման տարեդարձի տոնական մթնոլորտը փչացնում են ոչ թե իշխանությունները, որոնք ազատամարտիկներին շինծու մեղադրանքներով լցրել են բանտերը, այլ լրագրողները, որոնք այդ թեմայով տհաճ հարցեր են տալիս: Իսկապես, եթե այդ «անպատասխանատու» լրատվամիջոցները չլինեին, մարդիկ չէին էլ իմանա, որ տասնյակ ազատամարտիկներ անհեթեթ մեղադրանքներով ձերբակալված են: Ու ամեն ինչ շատ տոնական կլիներ»:

«Հրապարակ»-ը իր խմբագրականում փաստում է. - «Մեր իշխանությունները չսիրեցին «Մարդու իրավունքների պաշտպանի» ինստիտուտը: Իր հիմնադրման օրվանից` 2003-ից, այն պատուհաս դարձավ երկրիս իշխանավորների գլխին: Թվում է` առաջին պաշտպանի` Լարիսա Ալավերդյանի թեկնածությունն էն գլխից մանրակրկիտ մտածված էր (տարիների զինակից, ղարաբաղցի, իշխանությանը մոտ կանգնած ու բազմիցս ստուգված անձ), սակայն մի քանի ամիս անց դարձավ իշխանությունների «աչքի փուշը»: Հաջորդ պաշտպանի թեկնածությունը, թերեւս, ավելի մանրակրկիտ մտածվեց` նախագահի Սահմանադրություն մշակող, արքունիքում ելումուտ ունեցող, գրկաբաց ընդունված մարդ: Հազիվ մեկ տարի անց պարզվեց, որ Արմեն Հարությունյանը Քոչարյանի «ամենաանհաջող» կադրն է, եւ նորից «դարձ ի շրջանս յուր»` պաշտոնյաները սկսեցին բացահայտ աշխատել մարդու իրավունքների պաշտպանի դեմ»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG