Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյան. «Ուրիշների վրա ցեխ նետելով, Տեր-Պետրոսյանն ինքը չի մաքրվի»


Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խիստ քննադատության է ենթարկել նախագահության նախկին թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-֊Պետրոսյանին:

«Ուրիշների վրա ցեխ նետելով, Տեր-Պետրոսյանն ինքը չի մաքրվի... Նա երբեք իր վրա պատասխանատվություն վերցնելու համարձակություն չի ունեցել: Ճգնաժամային պահերին նա միշտ մտածում էր միմիայն սեփական անձի մասին: Այդպես էր «Ղարաբաղ» կոմիտեի ձերբակալությունից հետո, այդպես էր ղարաբաղյան պատերազմի ժամանակ, այդպես էր 1998 թվականին: Նույնը կատարվում է նաեւ հիմա», ֊- ասել է Ռոբերտ Քոչարյանը: - «...Ակներեւ է, որ միշտ կգերակայի այն կարծիքը, թե իշխանությունները չարեցին ամեն հնարավորը կորուստներից խուսափելու համար: Այդպիսին է իրականությունը: Այն ճշմարտացի է նմանատիպ իրավիճակների համար նաեւ եվրոպական երկրներում: Այդպիսի դեպքերում ուժի կիրառումն իշխանությունների համար պետք է լինի միայն հարկադրված միջոց, որը կանխում է ավելի ծանր հետեւանքները: Առավել եւս ինձ համար` այն ժամանակ որպես հեռացող նախագահի»:

«Ճշմարտությունը հասկանալու համար, պետք է պարզապես հիշել. ո՞վ էր փորձում վարկաբեկել իշխանությունը ողջ նախընտրական արշավի ընթացքում եւ հատկապես, ընտրություններից հետո: Ո՞վ էր ավազակախումբ անվանում իշխանություններին եւ կոչ անում կազմաքանդել պետական համակարգը: Ո՞վ ընտրություններից երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ արդեն հաղթել է: Ո՞վ էր դրդում զինվորականներին եւ ոստիկաններին խախտել երդումը: Ո՞վ էր շանտաժի ենթարկում միջազգային կառույցներին եւ դիտորդներին նրանց ընդհանուր առմամբ դրական գնահատականների համար: Տեր-Պետրոսյանին եւ ՀՀՇ-ին անհրաժեշտ էր արյունը` որպես քաղաքական պայքարը շարունակելու գործիք ընտրություններում պարտվելուց հետո: Ի դեպ` ուրիշների արյունը: Տեր-Պետրոսյանն ամեն ինչ արեց անկարգություններ հրահրելու եւ ոստիկանությանը` ուժի կիրառման դրդելու համար», -֊ նշել է Ռոբերտ Քոչարյանը:

«Տնային կալանքի վարկածն օդի պես պետք է Տեր-Պետրոսյանին: Առանց դրա անհնարին է արդարացնել իր բացակայությունը քաղաքապետարանին հարող հրապարակում մարտի 1-ին: Պնդում եմ, որ ոչ մի տնային կալանք չի եղել: Ավելին, Հայաստանի օրենսդրությունը նման իրավական ռեժիմ չի նախատեսում: Տեր-Պետրոսյանին ուղղակիորեն ասվել էր, որ նա կարող է գնալ ուր ցանկանում է եւ երբ ցանկանում է, սակայն անթույլատրելի է պահպանության սպաների մասնակցությունը անօրինական հանրահավաքներին, որոնք վերաճեցին զանգվածային անկարգությունների: Ի դեպ, պատասխանատու տղամարդն այդպես էլ կվարվեր: Տնային կալանքի մասին առասպելը պատասխանատվությունից խուսափող վախկոտ մարդու արդարացում է: Ես արդեն նախագահ չեմ, եւ կարող եմ ինձ թույլ տալ ավելի ազատ բառապաշար օգտագործել` կոչելով իրերը իրենց անուններով», - ֊ ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Lեւոն Տեր-Պետրոսյանը, հիշեցնենք, մարտի 2-ին ասել էր. - «Ֆրանսիական դեսապանատան մոտ հավաքված մարդիկ պահանջում էին, որ ես գնամ այնտեղ: Ես միակ մարդն էի, որ կարող էի վերահսկողության տակ առնել իրադրությունը: Այդ պահին այնտեղ որեւէ բռնարարք չէր եղել: Մարդիկ պարզապես կանգնած բողոքում էին գիշերային իրադարձությունների դեմ: 88-89 թվականներին նման իրավիճակներ շատ էինք ունեցել, եւ այն ժամանակ մենք շատ արագ կարողանում էինք շտկել դրությունը: Իմանալով դա` ես դիմեցի այն մարդուն, որ ինձ գերի էր վերցրել` գեներալ Սարգսյանին ասելով` զեկուցեք ձեր նախագահին, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը հետեւյալն է` ես գնում եմ այնտեղ եւ խոսում եմ մարդկանց հետ»:

Նա նաեւ նշել է, որ իր առաջարկները Ռոբերտ Քոչարյանին փոխանցել է ոչ միայն գեներալ Սարգսյանի, այլ նաեւ Հայաստանում հավատարմագրված դեսպանների միջոցով:

«Վերջիններիս հետ եւս սկզբում կարծես մեղմ բանակցություններ էին վարում, ի վերջո, սակայն, դեսպաններին իր մոտ է հրավիրել Արմեն Գեւորգյանը` Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը, եւ ասել` որոշել ենք ցրել ցույցը, որեւէ փոզխիջում լինել չի կարող: Այսինքն` որեւէ առիթ ցույցը ցրելու համար չկար. այդ պահին չկար որեւէ բռնություն կամ դրդապատճառ ուժային գործողության դիմելու համար: Նրանք պարզապես որոշեցին ցրել մարդկանց», - ասել էր Տեր-Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG