Մատչելիության հղումներ

Մեկ տարի առաջ` մայիսի 12-ին, Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության վարչության շենքում մահացավ Լեւոն Գուլյանը: Նրա հարազատներն ու մտերիմները, հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր «հիշատակի երթ» են անցկացնում` Ազատության հրապարակից դեպի Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության վարչության շենքը:

«Այսօր բողոքի ակցիա չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գուլյանի քույրը` Արմինե Գուլյանը: - «Ուղղակի մենք` հարազատներս, եւ մի շարք հասարակական կազմակերպություններ որոշել ենք եւս մեկ անգամ հիշատակել Լեւոնի անունը»:

«Միանշանակ մենք` հարազատներս, ունենք բավականին ուժ եւ համբերություն եւ պայքարելու ենք մինչեւ վերջ, որպեսզի հանցագործները պատժվեն», - հավելեց նա:

30-ամյա Լեւոն Գուլյանը անցած տարվա մայիսի 12-ին` հենց խորհրդարանական ընտրությունների օրը, որպես վկա հրավիրվեց ոստիկանություն եւ ժամեր անց նրա հարազատները տեղեկացան երիտասարդի մահվան մասին:

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց` «ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով, սակայն 10 ամիս անց նախաքննության մարմինը կարճեց քրեական գործը` հիմնավորմամբ, թե Գուլյանը պարզապես փորձել է փախչել պատուհանից, վայր է ընկել ու մահացել:

Այս պնդմանը, սակայն, Լեւոնի հարազատները համաձայն չեն, քանի որ, ըստ նրանց շահերի պաշտպանների, նախաքննության մարմինը գործի բացահայտման համար «իրականում ոչինչ չի արել»:

Ապրիլի 29-ին մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, քննելով հայց ներկայացրած կողմի պահանջը` անօրինական ճանաչել անցած տարվա մայիսի 12-ին որպես վկա ոստիկանություն հրավիրված եւ այնտեղ մահացած Lեւոն Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու մասին քննչական մարմնի որոշումը, վճռեց հետաձգել դատավարությունը:

Հաջորդ նիստը նշանակված է մայիսի 22-ին:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG