Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանի վճռով գրավի դիմաց ազատ է արձակվել գեղանկարիչ Տիգրան Բաղդասարյանը


Վերաքննիչ դատարանի որոշմամբ, երկուշաբթի օրը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակի մերձակայքում ձերբակալված Տիգրան Բաղդասարյանը:

Բաղդասարյանի որդին` Դավիթը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց հետեյալը. - «Վերաքննիչ դատարանը գրավի կիրառման որոշում է կայացրել: Ես մուծել եմ 500 հազար դրամ, որ ինքը չի փախչի, չի խոչընդոտի... Հետո հետ են վերադարձնելու այդ գումարը»:

Ավելի վաղ մի խումբ արվեստագետներ, գեղանկարչուհի Զառա Մուրադյանի նախաձեռնությամբ, բաց նամակով դիմել էին Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին` իրենց մտահոգությունը հայտնելով մարտի 1-ի իրադարձություններից հետո երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

«Դույզն իսկ չենք կասկածում, որ մարտի 1-ից հետո բանտերում հայտնված մարդիկ դատապարտված են իրենց քաղաքական հայացքների համար: Խոսքը այստեղ վերաբերում է նաեւ մեր գործընկեր, Նկարիչների միության անդամ Տիգրան Բաղդասարյանին», - ասված էր բաց նամակում` որի հեղինակները նշել էին, որ վարչապետից «վճռական գործողություններ են ակնկալում երկրում օրինականություն եւ արդարություն հաստատելու նպատակով»:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG