Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի բանաձեւի կապակցությամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջարկները կներկայացվեն նախագահին


Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների գործունեությանը վերաբերող բանաձեւում ամփոփված առաջարկությունների իրագործման համակարգման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի բոլոր առաջարկությունները պատրաստ են եւ նախագահ Սերժ Սարգսյանին կներկայացվեն Լեռնային Ղարաբաղից նրա վերադարձից հետո` երկուշաբթի օրը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց աշխատանքային խմբի եւ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը:

Աշխատանքային խմբի անդամ, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց, որ ինքն իր պատգամավոր գործընկերների հետ առաջարկություններ ներկայացրել է բանաձեւի բոլոր կետերի, այդ թվում՝ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց ազատ արձակելու ուղղությամբ:

«Գիտեք, ես չեմ կարող ֆիքսել, որ մեզ մոտ քաղբանտարկյալ կա, ես չեմ կարող գնահատել, որ քաղաքական բանտարկյալ կա: Բայց եթե կա մի մարդ, որը քաղաքական հայացքների համար պատժված է կամ ձերբակալված է, ապա այդ մարդը պետք է անհապաղ բաց թողնվի», - հայտարարեց նա` վստահեցնելով. - «Մեխանիզմները քննարկվել են մանրամասն, բավական ակտիվ փոխգործակցության մեջ ենք եղել դատախազության հետ, եւ ես կարծում եմ, որ մոտ ապագայում դուք կտեսնեք պրակտիկ դրա քայլերը»:

Ավետ Ադոնցը հայտնեց, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունից աշխատանքային խմբում ընդրգկված գործընկերների՝ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ իրենց ներկայացրած առաջարկություններից է, մասնավորապես, քաղաքական երկխոսության համար հասարակական պալատի կամ հասարակական խորհրդի ստեղծումը` նախագահին կից, որտեղ հրավիրված կլինեն բոլոր խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:

Խորհրդարանական ընդդիմության դերակատարման մեծացման համար նույնպես, ըստ Ադոնցի, «ներկայացվել են բավականին հստակ եւ պրակտիկ առաջարկություններ, որպեսզի խորհրդարանական ընդդիմությունը ավելի ակտիվ ներգրավված լինի, եւ ավելի ուժեղացվի խորհրդարանական ընդդիմության տեղն ու դերը խորհրդարանում»:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հունիսի վերջին կայանալիք նստաշրջանում քննարկվելու է բանաձեւի կատարման հարցը: Այն հարցին, թե արդյոք աշխատանքային խումբը կհասցնի՞ մինչ այդ ոչ միայն իր առաջարկները ներկայացնել, այլեւ ականատես լինել արդյունքներին, պատգամավորը պատասխանեց. - «Մենք ականատեսը կլինենք բանաձեւի կետերի կատարման, բայց բանաձեւում կան նաեւ կետեր, որոնք պահանջում են նախապատրաստական աշխատանք եւ, ինչու ոչ, երկարաժամկետ աշխատանք: Օրինակ` անկախ հետաքննությունը: Այո, ես ավելի քան վստահ եմ, որ մինչեւ Խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նիստը կստեղծվի անկախ հետաքննություն վարող հանձնաժողովը, բայց դա չի նշանակում, որ այդ անկախ հանձնաժողովը հունիսի 24-ին կամ 25-ին կայանալիք Խորհրդարանական վեհաժողովին ինչ-որ բան կունենա ասելու: Այդ հանձնաժողովը ամիսներ պետք է աշխատի, որպեսզի եզրակացությունը մշակվի եւ ձեւավորվի»:

Ավետ Ադոնցի կարծիքով, դա կլինի խորհրդարանական հանձնաժողով, հետեւյալ ձեւաչափով` բոլոր խմբակցությունները, անկախ պատգամավորները, միջազգային փորձագետներ, արտախորհրդարանական ուժերի փորձագետներ. - «Եվ, իհարկե, այդ հանձնաժողովի աշխատանքը միջազգային հանրության մոնիտորինգի տակ կլինի»:

Ինչ վերաբերում է ժողովներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու մասին օրենքին, ապրիլի 28-ից խորհրդարանում պաշտոնական շրջանառության մեջ է Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի հեղինակած՝ փոփոխությունների եւ լրացումների նախագիծը, որը մշակվել է Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի փորձագետների հետ համատեղ, իսկ ապրիլի 25-ին ուղարկվել է եվրոպական փորձաքննության: Փորձաքննության եզրակացությունն ստանալու դեպքում, մայիսի 19-ին սկսվող քառօրյայում նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման կդրվի, եւ չի բացառվում, որ հունիսի առաջին կեսին փոփոխություն-լրացումներն ընդունվեն:

Նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 26-ի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկված են արտաքին գործերի, արդարադատության փոխնախարարները, գլխավոր դատախազի տեղակալը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահները, Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամները: Պատվիրակությունից միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում խմբի աշխատանքին: «Ժառանգություն»-ը առաջարկել է խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի թեկնածությունը, ինչը մերժվել է, քանի որ Սաֆարյանը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ չէ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG