Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»-ը գրում է. - «Այն, որ Սերժ Սարգսյանը Մայիսի 9-ին առաջին անգամ նախագահի կարգավիճակում գերադասեց հեռանալ քաղաքից եւ Շուշիի ազատագրման օրը նշել Արցախում, այլ իրավիճակում գուցե հասկանալի լիներ: Սակայն ոչ այս դեպքում, երբ նա այստեղ` Երեւանում, պետք է նայեր Շուշիի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկների աչքերին եւ պատասխաներ, թե ինչո՞ւ են բանտերում Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հուսիկ Բաղդասարյանը, Սմբատ Այվազյանը եւ շատ այլ ազատամարտիկներ: Չզոհված, հետեւաբար չհերոսացված ազատամարտիկների մի մասն այժմ աղքատության շեմին է ու մոռացված, մի մասը, ով հանդգնել է չկանգնել իշխանությունների կողքին` ձերբակալված է, մի մասը, ով պատերազմից հետո ձեռք է բերել տնտեսական լծակներ` այնքան կառավարելի է ու անվտանգ, որ ոչ նրան, ոչ էլ նրա հարազատին ձերբակալելու հարկ չկա, եթե անգամ հերթական անգամ մարդ են սպանել: Դա, հարկ եղած դեպքում, կհիշեցվի ավելի վտանգավոր հանցագործության ժամանակ` երբ նրանք սկսեն ինքնուրույն մտածել»:

«Չորրորդ իշխանություն». - «Որ Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալներ կան` անհերքելի իրողություն է: Ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այդքան վախենում նրանցից: Ասենք` Կարապետ Ռուբինյանից, Ալեքսանդր Արզումանյանից, Դավիթ Մաթեւոսյանից, Արարատ Զուրաբյանից, Արշակ Բանուչյանից եւ մյուսներից: Մտածում են, թե այս մարդիկ, ազատության մեջ հայտնվելով, բռնությամբ տապալելո՞ւ են իրենց ռեժիմը: Հազիվ թե: Համաձայնեք` դժվար է պատկերացնել, թե ինչպես է Մատենադարանի գիտաշխատող Արշակ Բանուչյանը բռնություն կիրառում, ասենք, Սաշիկ Սարգսյանի նկատմամբ: Գուցե մտածում են, թե այս մարդկանց ազատ արձակելով կհզորացնե՞ն շարժումը: Շարժումն առանց այն էլ հզոր է եւ լիդերների պակաս կարծես թե չունի: Ուրեմն ո՞րն է պատճառը: Ըստ երեւույթին բուն պատճառն ավելի շատ զուտ հոգեբանական է: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հասկանում են, որ քաղբանտարկյալներից յուրաքանչյուրն իր մտավոր կարողություններով շատ ավելի հզոր է, քան իրենք, ու վախենում են այդ հզորությունից»:

«Հրապարակ». - «Վերջին շրջանում տեղի ունեցող հետապնդումների մեխանիզմն այնպիսին է, որ ոստիկանությունը փորձում է ապացուցել, որ տվյալ մարդը մասնակցել է հանրահավաքներին, իսկ մարդիկ փորձում են համոզել, արդարանալ, որ չեն մասնակցել: Փաստորեն, մեր խիստ «իրավական», Եվրախորհուրդ մտած երկրում հանրահավաքի մասնակցելը դարձել է քրեորեն պատժելի արարք, իսկ Ազատության հրապարակում գտնվելը` հանցագործության անժխտելի ապացույց»:

«Առավոտ». - «Մայրաքաղաքի ջրամատակարարումը ստանձնած «Երեւան ջուր» ընկերությունը որքան էլ վստահեցնում է, որ հսկայական ներդրումներ է արել եւ մայրաքաղաքի ջրամատակարարումը բարելավել է, սակայն այսօր բազմաթիվ քաղաքացիներ անջուր են: Բացի այն, որ այսօր մի շարք թաղամասեր գրաֆիկով նախատեսված ժամանակով ջուր չեն ունենում, շատ բազմաբնակարան շենքերի բնակիչներ ջրից զրկված են լինում օրերով»:

«Ազգ»-ը` Հայաստանի տրանսպորտի եւ նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի մասին. - «Անդրանիկ Մանուկյանը հայաստանյան եզակի պետական գործիչներից է, որոնք նկարների հավաքչությամբ են զբաղվում: Հայաստանի ամենամեծ կոլեկցիոներն արդեն 30 տարի սիրով ու ոգեւորությամբ նկարներ է գնում` համալրելով իր հավաքածուն հայ, ռուս ու եվրոպացի նկարիչների ստեղծագործություններով: Սակայն նրա հավաստմամբ, իր գերագույն նպատակը ոչ միայն հայկական գեղանկարչության դասական նկարիչների կտավներով իր հավաքածուն հարստացնելն է, այլեւ աշխարհում նրանց արժանվույն ներկայացնելը»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG