Մատչելիության հղումներ

Հայազգի երգչուհին նկարահանվում է Ջեյմս Բոնդի մասին հերթական ֆիլմում


Հայազգի օպերային մեներգչուհի, սոպրանո Կարինե Բաբաջանյանը նկարահանվում է լեգենդար գործակալ Ջեյմս Բոնդի սխրանքների մասին պատմող հերթական` 22-րդ ֆիլմում:

«Մի փոքր կարեկցանք». այսպես է կոչվում ռեժիսոր Մարկ Ֆորսթերի ֆիլմը, որտեղ գլխավոր իրադարձությունները ծավալվում են օպերային թատրոնում` Պուչինիի «Տոսկայի» ժամանակ: Բոնդի դերակատարն է Դենիել Քրեյգը, գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Օլգա Կուրիլենկոն: Ֆիլմում նկարահանվում է նաեւ օպերային մեներգիչ Սեբաստիան Սյուլը:

Հայտնի երգչուհի Ֆլորիա Տոսկային մարմնավորող Կարինե Բաբաջանյանը ճանաչված մեներգչուհի է Եվրոպայում: Ծնվել, սովորել ու աշխատել է Երեւանում, վերջին քսան տարում, սակայն, ապրում է Գերմանիայում եւ այժմ հանդես է գալիս Եվրոպայի հանրահայտ բեմերում:

«Ես սիրում եմ ամեն ինչ, որ նոր է: Նկարահանումների եւ ֆիլմի առումով կարող եմ ասել, որ ամեն ինչ կատարյալ է, եւ ես շատ ուրախ եմ, որ անձամբ եմ մասնակցում ու ամեն ինչ տեսնում եմ սեփական աչքերով», - գերմանական հեռուստաընկերություններից մեկին ասել է Կարինե Բաբաջանյանը:

Ֆիլմի տեսարաններից մեկի նկարահանումները ավարտվել են երեկ, Եվրոպայի ամենագեղեցիկ կղզիներից մեկում` ավստրիական Բրեգենցում: Գործողությունները տեղի էին ունենում ջրի վրա լողացող հսկայական բեմի վրա` մի քանի հազար հանդիսատեսի աչքի առջեւ:

«Երբ մենք տեսանք այս բեմը, միանգամից որոշեցինք, որ սա հենց Բոնդի համար է, եւ նկարահանումներն անպայման պետք է այստեղ կատարվեն», - «Ֆրանսպրես»-ին ասել է ֆիլմի գործադիր պրոդյուսերը:

Բրեգենցում նկարահանումներն ավարտելուց հետո ստեղծագործական խումբն ուղեւորվելու է Չիլի, ապա` Ավստրալիա:

Ընդհանուր առմամբ, ֆիլմի աշխարհագրությունը բավական ընդարձակ է` եվրոպական քաղաքներից մինչեւ Պանամա, բյուջեն` պատկառելի` շուրջ 150 միլիոն դոլար, պրեմիերան` ոչ շատ հեռու ապագայում. հեղինակները խոստանում են կինոնկարը հանդիսատեսի դատին հանձնել այս տարվա աշնանը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG