Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով մայիսի 9֊-ին, «Հրապարակ» օրաթերթը գրում է. - «Հանուն սեփական շահերի պատմությունը խմբագրելը 21֊-րդ դարի Հայաստանի իրողություններից է: Պատմական փաստերը խեղաթյուրելու, չարած հերոսություններ իրենց վերագրելու ամենաակտիվ թեման պատերազմական հաղթանակներն են, իսկ ամենաակտիվ շրջանը՝ հաղթանակների հոբելյանական օրերը: Այսօր հենց նման օրերից է. ով 1992-֊94 թվականներին Ղարաբաղ է այցելել, անգամ որպես տուրիստ, կուրծք է ծեծում, թե ազգի համար արյուն է թափել: Պատմում է իր քաջագործությունների մասին եւ ակնկալում է իր ժամանակակիցների խոր ակնածանքն ու երախտագիտությունը: Նման «հերոսների» հույսը մարդկանց կարճ հիշողությունն է ու ներողամտությունը: Իրական հերոսները քչախոս են ու համեստ»:

«Հայկական ժամանակ»֊-ը Լեւոն Տեր֊-Պետրոսյանին նկարագրում է այսպես. - «Մենք երբեմն մոռանում ենք, որ գործ ունենք մի մարդու հետ, որը ոչ միայն ընդդիմության առաջնորդ է, այլեւ պետության հիմնադիր եւ հաղթանակած բանակի Գերագույն գլխավոր հրամանատար: Սա նշանակում է, որ նրա խնդիրը չի կարող լինել միայն ընդդիմության հաղթանակը. նրա խնդիրը կարող է լինել Հայաստանի հաղթանակը, նաեւ Ղարաբաղի հաղթանակը: Բայց իր քաղաքական վերադարձի իմաստն այն է, որ նա, ինչպես եւ գործնականում ողջ ժողովուրդը, համոզված են, որ առանց քոչարյանասերժական վարչախմբի հեռացման Հայաստանը չունի ապագա»:

«Հայոց Աշխարհ»-֊ը բոլորովին այլ կարծիք է արտահայտում. - «Պատկերացնում եք, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է երկրապահ. համենայն դեպս, երեկ առաջնորդը Եռաբլուրում ցուցարարներին ցույց տվեց ԵԿՄ-ի իր անդամատոմսը թիվ 1 համարով։ Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի շարժմանն են միացել Արցախյան ազատամարտին մասնակցած ընդամենը մի քանի ջոկատների հրամանատարներ, սրանք ընդհանրապես իրավունք ունե՞ն խոսելու Երկրապահի անունից կամ հիշելու եւ «նշանավորելու» տոնական օրը։ Ընդհանրապես հիմա ի՞նչ երեսով են «տեր կանգնում» Երկրապահին՝ ձեւացնելով, թե կարեւորում ու գնահատում են «երկիրը պահող-պահպանողին»։ Ի՞նչ է, մոռացե՞լ ենք, թե ՀՀՇ-իշխանությունն իր ղեկավարման տարիներին ինչպես էր «տեր կանգնում» ազատամարտիկներին։ Հհշականները տարիներով անտերության մատնեցին զոհված ազատամարտիկների ընտանիքներին, խփշտեցին նրանց հասանելիք օգնությունները, մեջ-մեջ արեցին վիրավորներին ուղարկված անվճար դեղորայքը, չլուծեցին անգամ նրանց այնքան անհրաժեշտ բուժօգնություն ապահովելու հարցը։ Մի խոսքով, իրապես խրամատներում դաժան օրեր անցկացրած կամավորներին դարձրեցին անտուն բոմժեր»։

«Իսկական իրավունքը» թերթ֊ն էլ գրում է. - «Լեւոն Տեր-֊Պետրոսյանի կեցվածքում ուշադրության արժանի պահը նրա ընդարձակ քննադատությունն է Եվրոպայի հասցեին, որի հիմնական հասցեատերը պետք է համարել Ֆրանսիան: Չմոռանանք, որ հենց Նիկոլա Սարկոզին առաջիններից մեկն էր շնորհավորել Սերժ Սարգսյանին, եւ ընդհանրապես, Հայաստանի ու Եվրոպայի հարաբերություններում առաջնային դեր ունի հենց Ֆրանսիան: Ի դեպ, պատահական չպետք է համարել, թե ինչու մարտի 1֊-ին Լեւոն Տեր֊-Պետրոսյանի կողմնակիցներին ուղղորդեցին հենց հատկապես Ֆրանսիայի դեսպանատան մոտ»:

«Չորրորդ իշխանություն»-֊ը հարցեր է ուղղում Ռոբերտ Քոչարյանին. - «Պարոն Քոչարյան, մարտի 1-֊ի վաղ առավոտյան Ազատության հրապարակը «խուզարկողները» ինչո՞ւ էին տրորում վրանները, որոնց մեջ քնած մարդիկ կային: Չէ՞ որ այդպես կարող էին նաեւ «իրեղեն ապացույցներ» ոչնչացնել: Եվ ինչո՞ւ առգրավվեցին այդ «օպերացիայի» բոլոր տեսաժապավենները: Գուցե ա՞յն պատճառով, որ դա ոչ թե խուզարկություն էր, այլ սովորական ռազմական օպերացիա: Պարոն Քոչարյան, ինչո՞ւ էիք ուզում մարդկանց Ֆրանսիայի դեսպանատան առջեւից տեղափոխել Մատենադարան: Եթե խնդիրը «չարտոնված հավաքն» էր, ի՞նչ տարբերություն, թե որտեղ այն կկայանար: Գուցե պատճառն այն էր, որ բաց տարածքում դժվա՞ր էր միտինգավորների վրա հարձակվելը: Պարոն Քոչարյան, մարտի լույս 2-֊ի գիշերը Լեւոն Տեր֊-Պետրոսյանը եղել է իր տանը՝ կալանքի տակ: Իսկ դուք եւ Սերժ Սարգսյանը որտե՞ղ եք եղել: Զորք էլ ունեիք, թիկնազոր էլ, ինչո՞ւ չփորձեցիք գնալ ցուցարարների մոտ եւ «հանդարտեցնել իրավիճակը»: Հարցերն, իհարկե, կարելի է շարունակել, բայց կարծում ենք՝ այսքանն էլ բավական է հասկանալու համար, որ մարտի 1-֊ի օպերացիան ռեժիմի կողմից լավ էլ մանրամասն մշակված է եղել»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG