Մատչելիության հղումներ

Մայիսի 9-ին Հայաստանում նշվող Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ առավոտյան վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, մի խումբ կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ ու նախկին ազատամարտիկներ, պատերազմի վետերաններ այցելեցին Եռաբլուր, ուր ծաղկեպսակներ դրեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին, այնուհետեւ Հաղթանակի այգում գտնվող Անհայտ զինվորի հուշարձանի մոտ հարգեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակը:

Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանի ասաց, որ տոնը նշում է «խառը զգացմունքներով», քանի որ մայիսի 9-ը մի կողմից «հիշատակի օր» է, մյուս կողմից` «հաղթանակի, հույսի եւ հպարտության օր»:

Վարչապետը ասաց, որ Երկրորդ համաշխարային պատերազմի վետերաններին օգնելու նպատակով, երեկ կառավարությունը որոշում է ընդունել կրկնապատկել պատվովճարները: «Դա առաջին քայլն էր այդ ուղղությումբ», - հավելեց Տիգրան Սարգսյանը: - «Մենք ընդհանրապես մշակում ենք մի համալիր ծրագիր, սոցիալական մի մեծ փաթեթ, որը 2009 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ արդեն կդառնա հանրության քննարկման առարկա»:

«Հայրենական Մեծ պատերազմի հաղթական ավարտը բացառիկ իրադարձություն էր նաեւ մեր ժողովրդի կյանքում», - ասված է տոնի կապակցության Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հղած շնորհավորական ուղերձում։ - «Հսկայական զոհողությունների գնով ձեռք բերված խաղաղությունը մեր ժո-ղովրդի համար բացեց ոչ միայն վերքերը բուժելու, այլեւ մեր երկիրը զարգացնելու նոր հորիզոններ»։

«1992 թվականից մայիսի 9-ը մեզանում ձեռք է բերել կրկնակի խորհուրդ։ Շուշիի ազատագրմամբ նոր սերունդն ապացուցեց, որ ինքն իր նախնիների հերոսական անցյալի արժանի ժառանգորդն է։ Շուշին դարձավ հայոց ազատասիրության, անկոտրում կամքի, ինչպես նաեւ փորձություններից պատվով դուրս գալու խորհրդանիշ», - շարունակել է նախագահ Սարգսյանը: - «Այս տոնական օրը մենք ցավով, բայց հպարտությամբ ենք հիշում նրանց, ովքեր իրենց կյանքը դրեցին Հայրենիքի զոհասեղանին»:

Եռաբլուր, իսկ ապա նաեւ Հաղթանակի զբոսայգի` Անհայտ զինվորի հուշարձանի մոտ իր հարգանքի տուրքը մատուցելու էր եկել երկու պատերազմների` Երկրորդ համաշխարհային եւ Արցախյան, մասնակից, գեներալ-գնդապետ Գուրգեն Դարիբալթայանը:

«Ազատություն» ռադիոկայանի` վետերանների նկատմամբ պետության վերաբերմունքին վերաբերող հարցին Դարիբալթայանը պատասխանեց. - «Այդ հարցում մենք հետ են մնում: Ինչպե՞ս է Ռուսաստանում. հենց այդպես է պետք վերաբերել վետերաններին: Մեզ մոտ վետերանները քիչ են. ամեն տարի կենդանի մնացած վետերաններից երկուեւկես հազարը մահանում են… Պարզապես [իշխանությունները] չեն մտածում [վետերանների մասին], երեւի այդ մասին մտածելու ժամանակ չունեն: Բավարար չափով միջոցներ կան վետերաններին օգնելու համար, պարզապես մտածել է պետք»:


Ռուբեն Մելոյան

(Լուսանակրը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG