Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին այսօր դիմում են ներկայացրել Լոռու մարզի` ավտոգազալցման ծառայություններ մատուցող մի քանի տնտեսվարող սուբյեկտներ, հայտնելով, որ իրենց կողմից շահագործվող ավտոգազալցակայաններում սեղմված (բնական) գազի գինն իջեցնում են` 1 խորանարդ մետրի համար սահմանելով 160 դրամ. անցած շաբաթավերջին այն 200 դրամ էր:

Միեւնույն ժամանակ, հանձնաժողովի մոնիտորինգը Հրազդան քաղաքի ավտոգազալցակայաններից մեկում 1 խորանարդ մետր գազի լիցքավորման համար 130 դրամ է արձանագրել, իսկ Շիրակի մարզի մի քանի գազալցակայաններում` 170 դրամ:

Մայիսի 4-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեղմված (բնական) գազի շուկայում հակամրցակցային հնարավոր երեւույթների բացահայտման նպատակով վարույթ է հարուցել, երբ գազի գնի սուբսիդիայի վերացումից հետո մոնիտորինգն արձանագրել է գազալցակայանների կողմից ձեռք բերվող եւ իրացվող գազի գնի, նախնական գնահատականով, անհամարժեք բարձրացում:

Վարույթի հարուցման հաջորդ օրը հանձնաժողովից փոխանցել էին, որ ավտոգազալցակայանների գործունեությամբ զբաղվող երկու տնտեսվարող սուբյեկտներ հայտնել են իրենց գազալցակայաններում գազի գինը իջեցնելու եւ 1 խորանարդ մետրի դիմաց 160 դրամ սահմանելու մասին:

Հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանի փոխանցմամբ` վարույթը եւ մոնիտորինգը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG