Մատչելիության հղումներ

logo-print

Բեռնար Ֆասիե. «Ղարաբաղյան եւ հայ - թուրքական հարաբերությունների խնդիրների զուգահեռ լուծումը հնարավոր է»


Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը դրական ազդեցություն կունենա նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման առումով: Այսպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահող Բեռնար Ֆասիեն APA գործակալությանը տված հարցազրույցում:

«Ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի բացումը զարգացման գործոն կհանդիսանա: Այն որ, հայ - թուրքական սահմանը փակ է, չի խանգարում հազարավոր հայերի աշխատել Թուրքիայում, կամ Հայաստանից Թուրքիա թռիչք կազմակերպել: Դա խոսում է այն մասին, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները վերջնականապես խզված չեն», - հայտարարել է Ֆասիեն` հավելելով. - «Հուսով եմ, հակամարտության կարգավորմանը զուգահեռ` հետեւողականորեն կլուծվի նաեւ երկու երկրների միջեւ այդ լրջագույն խնդիրը: Իմ կարծիքով, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլում լինի առաջընթաց, դա դրականորեն կազդի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա, ինչն էլ իր հերթին դրական ազդեցություն կթողնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Այդ երկու խնդիրների զուգահեռ լուծումը հնարավոր է»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների առնչությամբ ֆրանսիացի համանախագահը ասել է. - «Ստրասբուրգում Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ, որը կրում էր ճանաչողական բնույթ, նախարարները վստահեցրին մեզ եւ միմյանց, որ շարունակելու են բանակցությունները: Դա կարող է հնարավորություն ստեղծել նախագահների հանդիպման համար: Եվ եթե նախագահները անհրաժեշտ համարեն, հանդիպումը կկայանա: Այժմ հիմնական հարցն այն է, թե երբ նախագահները անհրաժեշտ կհամարեն այդ հանդիպումը»:

Նա հայտնել է, որ մինչ այդ հանդիպումը համանախագահները չեն նախատեսում կողմերին ներկայացնել նոր առաջարկներ. - «Ներկայումս օրակարգում նոր առաջարկների հարց դրված չէ: Գիտեք, մադրիդյան հանդիպումից հետո բանակցային սեղանին դրված են գրավոր առաջարկներ: Այժմ այդ առաջարկների որոշ դետալներում պետք է հստակություն մտցվի: Մենք պետք է տեսնենք, թե ինչպես են կողմերն ընդունում այդ առաջարկները, ինչ է պետք փոփոխել, ինչ` ավելացնել: Այլ խոսքերով, այդ առաջարկների վրա պետք է աշխատել, բայց մենք դեռ գործընթացի այդ փուլում չենք: Այժմ հիմնական հարցը նախարարների եւ նախագահների ճանաչողական հանդիպումներն են»:

Բանակցային գործընթացի վրա աշնանը Ադրբեջանում նախատեսվող նախագահական ընտրությունների հնարավոր ազդեցությանը վերաբերող հարցին Բեռնար Ֆասիեն պատասխանել է. - «Եթե մեզ հաջողվի մոտ ժամանակներում անցկացնել նախագահների հանդիպումը, ապա կարող ենք նախարարների հետ հանգիստ աշխատել ընտրարշավից դուրս: Այդ աշխատանքը կարող է շարունակվել նաեւ հետընտրական շրջանում: Սակայն չեմ բացառում, որ հաջողություններ կարձանագրվեն մինչ ընտրությունները»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG