Մատչելիության հղումներ

Երկրապահները պահանջում են ազատ արձակել իրենց մարտական ընկերներին


Հայաստանում այսօր նշվող Երկրապահի օրը նախկին ազատամարտիկները, որ այցելել էին Եռաբլուր` ծաղկեպսակներ դնելու իրենց զոհված մարտական ընկերների շիրիմներին, պահանջում են ազատ արձակել հետընտրական շրջանում ձերբակալված նախկին ազատամարտիկներին:

Տոնի առիթով «Երկրապահ» կամավորական միության նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանը հղել է ուղերձ, որտեղ, մասնավորապես, ասված է. - «Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` Երկրապահը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ չի զբաղվելու: Ոչ ոք թող չշահարկի Երկրապահի անունը: Ուզում եմ վերջին անգամ ասել, որ ես այն մարդն եմ, ում անունից ասելու, խոսելու, գործելու իրավունք ոչ ոք չունի: Ես ինքս ի վիճակի եմ խոսելու իմ անունից, գործելու իմ անունից»:

Եռաբլուրում հավաքված երկրապահները պահանջում էին ազատ արձակել իրենց ձերբակալված ընկերներին` վանկարկելով վերջիններիս` Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սմբատ Այվազյանի, մյուս կալանավորվածների անունները:

«Ես տխուր եմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախկին ազատամարտիկ Մարտին Բաղդասարյանը: - «Տխուր եմ այն պատճառով, որ այսօր արժանավոր տղաները` Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Սմբատ Այվազյանը, Մուշեղ Սաղաթելյանը, այդ փառահեղ, ազգային հերոս տղաները այսօր գտնվում են բանտում»:

Կեսօրից հետո Եռաբլուր այցելեց Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG