Մատչելիության հղումներ

Գյումրիում մի շարք ազատամարտիկներ հացադուլ են հայտարարել


Երեկ երեկոյան Գյումրիում հացադուլ են հայտարարել 21 ազատամարտիկներ, որոնցից 8-ը` երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամներ: Նրանք պահանջում են փոխել իրենց մարտական ընկերոջ` Աշոտ Զաքարյանի խափանման միջոց կալանքը:

Երեքշաբթի օրը գյումրեցի ազատամարտիկները հայտարարել էին, որ Զաքարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ նախ մայիսի 7-ին դիմելու են դատարան, իսկ դրան ընթացք չտալու դեպքում մայիսի 8-ից հայտարարելու են 24-ժամյա նախազգուշական հացադուլ: Սակայն միջնորդությունը չընդունվեց, եւ նրանք հացադուլը ժամկետից շուտ հայտարարեցին` մայիսի 7-ին ժամը 18-ին:

«Մենք նշել ենք մեր միջնորդության մեջ` մի ազատամարտիկի հետ կապված այս հացադուլի ընթացքում որեւէ առողջական պրոբլեմ հանկարծ եղավ` պատասխանատվությունը ամբողջովին ընկնում է դատարանի նախագահի վրա, դատը նախագահող Խալաթյանի վրա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասացին գյումրեցի ազատամարտիկները:

Նրանք ընդգծեցին, որ դեռեւս երկու օր առաջ չէին հավատա, որ Երկրապահի օրը հացադուլով են դիմավորելու. - «Այս կառավարությունը այս տոնը մեր գլխին սեւ սարքեց, սուգ սարքեց»:

Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանը, ով ղարաբաղյան պատերազմի ժամանակ եղել է «Կումայրի» ջոկատի հրամանատարը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եւ այլոց հետ դատարանի առջեւ է կանգնել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու մեղադրանքով:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG