Մատչելիության հղումներ

Թբիլիսի է ժամանում Եվրամիության եռյակը


Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ սրվող հարաբերությունները, ինչպես նաեւ Վրաստանում առկա սառեցված հակամարտությունները քննարկելու նպատակով այսօր Թբիլիսի կժամանի Եվրամիության եռյակը:

Բարձրաստիճան պատվիրակության կազմում են Եվրամիությունում ներկայումս նախագահող երկրի` Սլովենիայի, հաջորդ նախագահողի` Ֆրանսիայի եւ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

«Վրաստանի հակամարտությունները մտահոգում են Եվրամիությանը, եւ մենք շահագրգռված ենք էական ներդրում ունենալ դրանց լուծման գործընթացում», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Փիթեր Սեմնեբին:

Ավելի վաղ Բրյուսել էր մեկնել Վրաստանի հակամարտության գոտիների վերաինտեգրման հարցերով նախարար Թեմուրի Յակոբաշվիլին եւ կոչ արել Եվրամիությանը աջակցել Վրաստանին, ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի նկատմամբ եւ շտապ քայլեր ձեռնարկել հակամարտության գոտիներում հնարավոր ռազմական գործողությունները կանխարգելելու համար:

«Մենք բառացիորեն պետք է կանխարգելենք պատերազմը: Որովհետեւ տեսնում ենք, թե իրականում ինչ է տեղի ունենում, եւ ամեն ինչ հուշում է այն մասին, որ Ռուսաստանը փորձում է սադրել Վրաստանին` պատերազմ սկսել: Սա շատ հստակ է», - հայտարարել էր վրացի նախարարը:

Պաշտոնական Թբիլիսին կոչ է անում Եվրամիությանը եւ միջազգային հանրությանը Ռուսաստանին քննադատող հայտարարություններից բացի հանդես գալ կոնկրետ գործողություններով: Մասնավորապես, հակամարտության գոտի ուղարկել խաղաղապահ զորքեր եւ սարքավորումներ, ինչպես նաեւ ստեղծել հատուկ համակարգ` Վրաստանում տիրող իրավիճակն ու իրականացվող ռազմական գործողությունները գնահատելու համար:

Վրաստան կատարած այցի ընթացքում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը եւս հորդորել էր փոխարինել ռուսական խաղաղապահ զորքերը միջազգային ուժերով:

«Հնարավո՞ր է, որ այս հորդորները իրականություն դառնան», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը պատասխանել է. - «Խաղաղապահ զորքերի կազմում Եվրամիության հնարավոր մասնակցության վերաբերյալ այս պահին դեռեւս կոնկրետ քննարկումներ չեն եղել: Բայց, ինչպես նշել են եվրոպական ընտանիքի պաշտոնյաները անցյալում, որեւէ տարբերակ չի բացառվում: Եթե հակամարտող կողմերը ցանկություն հայտնեն մեծացնել Եվրամիության դերակատարությունը, եվրոպական ընտանիքը կքննարկի այդ հնարավորությունն ու քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG