Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Տոն է այսօր» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը գրում է, թե Երկրապահի օրն այս տարի չի նշվի նույն շուքով, ինչպես նշվում էր ավանդաբար. - «Խնդիրն այն է, որ Երկրապահ կամավորականների միությանն այլեւս խորթ է իշխանությունը, նրանք այլեւս տարբեր խրամատներում են»:

«2008 թվականի մարտի 1. ողբերգությո՞ւն, թե՞ զարգացման խթան: Կարծում եմ` երկուսն էլ», - գրում է «168 ժամ» թերթի մեկնաբանը: - «Որքան էլ մարտի 1-ի դեպքերը ողբերգական էին մարդկային, բարոյական, սոցիալական, համերաշխության տեսակետից, այնուամենայնիվ, միայն մարտի 1-ի տասը զոհը մեզ եւ ամենակարեւորը` քաղաքական էլիտային ստիպեց նայել իրականությանը: Մարտի 1-ի շնորհիվ մենք նայեցինք եւ տեսանք: Ակնհայտ է, որ մարտի 1-ի դեպքերից հետո (եւ շնորհիվ) իրենց անցյալը վերաիմաստավորեցին քաղաքական դաշտի երկու հզորագույն դեմքեր` Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մարտի 1-ը իշխանություններին բարոյական եւ քաղաքական հնարավորություն տվեց հենց իր ներսում գնալ փոփոխությունների: Եվ այսօր իշխանության մեջ, կարծես թե սկսում են բյուրեղանալ հին եւ նոր մտածելակերպի շարժումները, չինովնիկների պայքարը ոչ միայն մի բան ավելի ձեռք գցելու մեջ է, այլեւ տիպաբանական: Ո՞վ կհաղթի եւ ո՞ւր կտանի մեզ որեւէ թեւի հաղթանակը, առավել եւս` կդիմանա իշխանական բուրգը նման ներքին պայքարի` դժվար է ասել: Բայց, չլիներ մարտի 1-ը, չէր լինի նման պայքար, հաստա’տ»:

«Ժամանակ Երեւան» թերթը գրում է. - «Մայիսի 5-6-ը ընկած ժամանակահատվածում բերման է ենթարկվել 16 մարդ, որոնց հետո ազատ են արձակել: Մի քանի քաղաքացու բերման են ենթարկել մայիսի 3-4-ը ընկած ժամանակահատվածում: Այսպիսով, մի կողմից իշխանությունները` իշխանություն - ընդդիմություն երկխոսության կայացման մասին տարբեր հուզիչ դատողություններով են հանդես գալիս ու բարբաջում դրա անհրաժեշտության մասին, սակայն մյուս կողմից` չկատարելով ԵԽԽՎ-ի բանաձեւի պահանջները, շարունակում են մարդաորսը: Հավանաբար, Սերժ Սարգսյանը այսպես է պատկերացնում իշխանության ու հասարակության միջեւ «պատը քարդելու» գործընթացը»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Եթե մարտի 1-ի գործը չդադարեցվի, քաղբանտարկյալները ազատ չարձակվեն, եւ դատավորներին պարտադրվի շարունակել անմեղ մարդկանց դատապարտել, ապա Հայաստանի դատական համակարգի պատկառելի մի մասը` մոտ մեկ երրորդը, դառնալու է հանցագործության մասնակից` դատապարտելով անմեղ մարդկանց… Դատավորները եւ մեղադրող դատախազները սկսել են տարբեր ճանապարհներով իշխանության վերնախավին «մեսիջներ» ուղարկել, որպեսզի քաղբանտարկյալների խնդրին հնարավորինս արագ քաղաքական լուծում տրվի: Մասնավորապես, որպես լուծում առաջարկվել է մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 90-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարել, եւ այդ կերպ կարճել մարտի 1-ի գործով քրեական հետապնդումները: Իսկ թե որքանով իշխանությունները տեղի կտան դատավորների եւ դատախազների սրտնեղումներին, ցույց կտա ժամանակը»:

«Հայոց Աշխարհ»-ը շարադրում է. - «Ալիկ Արզումանյանից, Արարատ Զուրաբյանից, Սասուն Միքայելյանից եւ մնացած «քաղբանտարկյալներից» առաջ, հենց մարտի 1-ին պետք է նախ ձերբակալվեր հրոսակախմբերի առաջնորդը։ Սա չարվեց։ Հակառակը, Լեւոն Տեր-Պետրոսյանին պատասխանատվության կանչելու փոխարեն երկխոսության առաջարկներ արվեցին, ինչը շարունակվում է մինչ օրս։ Եթե նեոբոլշեւիկների առաջնորդը հայտնի չէ, թե ինչ օրենքով համարվում է «անձեռնմխելի», պարզ չէ՞, որ պետք է արհամարհեր երկխոսության որեւէ առաջարկ։ Այն, ինչ լսում ենք մինչեւ հիմա Լեւոն Տեր-Պետրոյանից, սրա գլխավորած ազատագրական շարժման պարագլուխներից, մուննաթն է։ Լավ, սրանց մուննաթները մինչեւ ե՞րբ եք հանդուրժելու»:

«Փաստորեն, ռեժիմը հերթական անգամ խաբեց ժողովրդին», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Մի քանի օր առաջ հեռուստաընկերությունները մի ամբողջ թամաշա էին սարքել` իբր մի քանի ընկերություններ, որոնք գազի գինը 130-ից դարձրել էին 200 դրամ, որոշել են գինն իջեցնել մինչեւ 160 դրամ: Դա, ինչպես պարզվեց, քարողչական հնարք էր. լցակայաններում գազի խորանարդ մետրը շարունակում է վաճառվել 200 դրամով»:

«Հայք»-ը այսօր գրում է. - «Փորձագետները վստահ են, որ համատարած գործադուլներ եւ բողոքի այլ գործողություններ են սպասվում տարբեր պետություններում: Գների թանկացումը, այն էլ այսպիսի լայն ծավալի, ոչ մի տեղ չի կարող այսպես հանգիստ ընդունվել բնակչության կողմից: Սակայն, վերոնշյալ փորձագետները հավանաբար ծանոթ չեն հայ ժողովրդի տոկունությանը, որը ստիպում է մի քանի գործարար կոչեցյալների կամայականորեն օր-օրի բարձրացնել ամեն ինչի գները եւ կրկնկապատկել եւ եռապատկել իրենց գերշահույթը: Իսկ ժողովո՞ւրդը… Ժողովուրդը մի կերպ յոլա կգնա»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG