Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորը թերահավատությամբ է վերաբերվում ստեղծվող հանձնաժողովների արդյունավետությանը


Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը (ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցություն) չի հավատում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի խոսնակի ստեղծած աշխատանքային խմբերին, որոնք զբաղվում են Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի առաջարկները կյանքի կոչելու գործով:

«Հանձնաժողովներ, խմբեր ստեղծելուն, հռչակելուն եւ ինչ-որ մի թղթի վրա փաստաթուղթ ստեղծելուն ես չեմ հավատում», - երեկ լրագրողների հետ հանդիպմանը ասաց Զարուհի Փոստանջյանը: - «Ես պետք է, որպես քաղաքացի, շոշափեմ եւ զգամ, որ այլեւս մարդկանց չեն հետապնդում... Ես պետք է դա, որպես քաղաքացի, որպես պատգամավոր, որպես այս հասարակության անդամ, զգամ: Դա պետք է լինի ուղղակի, կոնկրետ քայլերով»:

Պատգամավորի համոզմամբ` ԵԽԽՎ-ի բանաձեւից հետո Հայաստանի իշխանությունները ոչ միայն կոնկրետ քայլեր չեն անում «ճգնաժամը վերացնելու» ուղղությամբ, այլեւ սկսել են ընդդիմության ներկայացուցիչներին հետապնդելու երկրորդ փուլը. - «Սա այն պայմանը չէ, որ կարող է պարարտ հող հանդիսանալ երկխոսության եւ ընդհանրապես ճգնաժամից դուրս գալու համար: Եթե ինչ-որ մի հանձնաժողով է ստեղծվել, որը պետք է ուղղակի իմիտացիոն բնույթի, քողարկող բնույթի փաստաթուղթ կազմի, որը հունիս ամսին ներկայացնի Ստրասբուրգում, դա ուղղակի հարցի լուծում չէ»:

Նրա կարծիքով, իշխանություն - ընդդիմություն երկխոսության համար լավ հիմք կարող է համարվել, օրինակ, համաներումը. - «Եթե մենք ունենք 100-ից ավելի կալանավորված անձինք, անկախ նրանից, թե նրանք այսօր ինչ հանցագործությունների մեջ են մեղադրվում, բոլոր այդ անձանց նկատմամբ քրեական մեղադրանքներ չէին լինի, եթե նրանք ընդգրկված չլինեին ընտրական գործընթացների մեջ: Քայլը, որը, կարծում եմ, իշխանությունները պետք է անեին իրավական տեսանկյունից, դա Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից համաներման առաջարկով դիմելը պետք է լինի Ազգային ժողովին: Դա կտար հնարավորություն թե’ իշխանությանը, թե’ ընդդիմությանը` այս ճգնաժամից դուրս գալու»:


Աստղիկ Բեդեւյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG