Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը եւ գլխավոր դատախազությունը կալանավորվածների տարբեր թվեր են հրապարակում


Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը պնդում է, որ հետընտրական զարգացումների առնչությամբ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող գործի շրջանակներում կալանավորվածների թիվը 92 է, մինչդեռ գլխավոր դատախազությունը շատ ավելի փոքր թիվ է հրապարակում՝ 58:

«Կալանավորված է 92 մարդ, եւս 25-ից քաղաքից չբացակայելու ստորագրություն է վերցվել, կայացվել է 19 դատավճիռ, ինչի արդյունքում կալանավայրերում է գտնվում 13 դատապարտյալ», - այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի խոսնակ Արման Մուսինյանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ են իր հրապարակած թվերը տարբերվում գլխավոր դատախազության տվյալներից, Արման Մուսինյանը ասաց. - «Մենք ունենք կալանավորվածների անվանական ցուցակ, մինչդեռ դատախազությունը միայն թվեր է հրապարակում: Երբ դատախազությունը կհրապարակի իր ցուցակը, մենք կկարողանանք համեմատել»:

Միեւնույն ժամանակ, գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց, որ այս պահին նշված գործի շրջանակներում կալանավորված է 58 քաղաքացի, 28-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չբացակայելու ստորագրությունը կամ գրավը:

«Ես չգիտեմ, թե ինչ աղբյուրներից են օգտվել այլ թվեր հրապարակող անձինք», - նշել է Սոնա Տռուզյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG