Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները լավատեսորեն են տրամադրված


Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների քննարկած տարբերակներից մեկով` նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը կարող է կայանալ այս տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք տնտեսական համաժողովի օրերին: Այդ մասին երեկ Ստրասբուրգում կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Հայաստանցի գործընկերոջ` Էդվարդ Նալբանդյանի հետ առաջին հանդիպումը նա կառուցողական է գնահատել, ասելով, թե քննարկվում է երկու երկրների նախագահների հանդիպում անցկացնելու հարցը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Մամեդյարովը հավելել է, որ եթե նախագահները անհրաժեշտ համարեն, արտգործնախարարները եւս մեկ հանդիպում կանցկացնեն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդմամբ` Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում: Նախարարները կարծիքներ են փոխանակել գործընթացի վերաբերյալ, ներկայացրել իրենց երկրների մոտեցումները եւ պայմանավորվել բանակցությունները շարունակելու մասին:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Նալբանդյանը նաեւ ասել է, թե ինքը շատ լավատես է, եւ դա միայն հանդիպման հետ չի կապված: «Մենք երկու հարեւան ժողովուրդներ ենք եւ պետք է միասին խաղաղ ապրենք: Գտնում ենք, որ մենք կարող ենք գտնել մեր երկու երկրների միջեւ առաջացած խնդրի լուծումը», - ասել է նախարարը:

Էլմար Մամեդյարովը, իր հերթին, ընդգծել է, որ երկու հարեւան ժողովուրդները չեն կարող պարզապես միմյանցից փախչել: Նրա խոսքերով` պետք է որոշում գտնել ու դուրս գալ այս իրավիճակից:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG