Մատչելիության հղումներ

Եվրամիությունը նոր երկարաժամկետ նախագիծ է նախաձեռնում, որի նպատակը միությանը սահմանակից պետություններում դրամաշնորհային ծրագրեր իրականացնելն է: Եվրամիության պաշտոնյաների վկայությամբ` «Հարեւանության ներդրումային ծրագրի» ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմելու է 700 միլիոն եվրո:

Արդեն 2008 թվականին «Հարեւանության ներդրումային ծրագրին» կփոխանցվեն առաջին դրամական միջոցները` մոտ 10 միլիոն եվրո կտրամադրի Գերմանիան, մեկական միլիոն են փոխանցելու Իտալիայի եւ Շվեդիայի կառավարությունները:

Այս ծրագիրը, նախաձեռնողների կարծիքով, նոր շունչ է հաղորդելու Եվրոպական հարեւանության ծրագրին, որում ընդգրկված է նաեւ Հայաստանը:

Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ եվրոպական հարեւանության գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները երեկ Բրյուսելում պարզաբանել է նոր նախագծի նպատակները. - «Այս ֆինանսական ծրագրի ուշադրության կենտրոնում բացառապես հարեւան պետությունների եւ Եվրամիության անդամ երկրների միջեւ տրանսպորտային ուղիների նորացումը կամ նոր խողովակաշարերի կառուցումը չի լինի: Մենք լուրջ ուշադրություն ենք դարձնելու բնապահպանական խնդիրներին` մասնավորապես, վերականգնվող էներգակիրների շուկայի զարգացմանը Եվրամիությանը սահմանակից պետություններում»:

«Հարեւանության ներդրումային ծրագրին» զուգահեռ` Եվրամիությունը Մերձավոր Արեւելքի պետությունների ու Թուրքիայի հետ համատեղ նախաձեռնում է էներգետիկ նոր նախագիծ, որը կրելու է «Արաբական գազամուղ» անվանումը: 2010 թվականին արդեն Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի եւ Lիբանանի տարածքով գազ է մատակարարվելու սկզբում դեպի Թուրքիա, ապա` Բալկաններով դեպի Արեւմտյան Եվրոպա:

«Արաբական գազամուղի» շուրջ վերջին բանակցությունների ավարտին Բենիտա Ֆերերո-Վալդները հայտարարել է. - «Շատերը կարծում են, թե եվրոպացիները` մտահոգ իրենց էներգետիկ անվտանգությամբ, հայացքն ուղղում են բացառապես դեպի արեւելք եւ հյուսիս: Այսօր արդեն մենք սկսել ենք ուշադրություն դարձնել հարավային ուղղությանը եւս»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG