Մատչելիության հղումներ

Երեկ Փարիզում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ եվրոպական համագործակցության հարցերով նախարար Բեռնար Կուշների առաջին պաշտոնական հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նալբանդյանը Կուշներին է ներկայացրել նախագահական ընտրությունների արդյունքում Հայաստանում ձեւավորված կոալիցիոն կառավարության գործունեության առանցքային ուղղությունները եւ առաջնային անելիքները, ինչպես նաեւ Հայաստանի ղեկավարության տեսակետները տարածաշրջանային անվտանգության ապահովման, առկա հակամարտությունների կարգավորման եւ համագործակցության զարգացման վերաբերյալ: Առանձին ուշադրություն է բեւեռվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի եւ հեռանկարների հետ կապված հարցերի վրա: Էդվարդ Նալբանդյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա` բարձր գնահատելով միջնորդների ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ իր երկիրը շարունակելու է ջանքերը Մինսկի խմբի կազմում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղիներ գտնելու համար:

Շուրջ 45 րոպե տեւած հանդիպումից անմիջապես հետո Ֆրանսիայի արտգործնախարարությունում տեղի ունեցավ ասուլիս, որին մասնակցեցին մեծ թվով ֆրանսահայ, հայաստանցի եւ ֆրանսիացի լրագրողներ:

«Ես շատ ուրախ եմ Էդվարդ Նալբանդյանի հետ` իբրեւ արտգործնախարար, առաջին այս հանդիպման համար, որը հաստատում է, եթե դրա անհրաժեշտությունը կար, Հայաստանի եւ Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունները», - ասաց Կուշները:

Ջերմորեն արտահայտվելով Հայաստանի մասին` Ֆրանսիայի արտգործնախարարը նշեց, որ Հայաստան այցելել է երկրի անկախության առաջին տարիներին եւ մտադիր է կրկին այցելել, քանի որ Էդվարդ Նալբանդյանը իրեն հրավիրել է:

Ի պատասխան հարցերից մեկի` Բեռնար Կուշները հայտնեց, որ հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, եւ ցավ հայտնեց կատարվածի առնչությամբ` միաժամանակ ընդգծելով, որ իր դերը չէ խառնվել Հայաստանի ներքին գործերին:

Բեռնար Կուշները հաստատեց Ֆրանսիայի կամքը` օգնելու Հայաստանին մի շարք խնդիրների լուծման հարցում, հատկապես Եվրամիությունում նախագահության շրջանում, որը սկսվելու է հուլիսից եւ տեւելու է 6 ամիս:

Էդվարդ Նալբանդյանը, իր կողմից, վերահաստատեց իր ցանկությունը եւ կամքը` Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գծով:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին` Բեռնար Կուշները ասաց, որ շատ ուրախ է, որ Էդվարդ Նալբանդյանը Ստրասբուրգում հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարարի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Նրա խոսքերով` այդ հանդիպումները որոշ հույսեր են ներշնչում ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում:

Երեկ երեկոյան Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Ստրասբուրգ` մասնակցելու Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին: Այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսված են նրա հանդիպումները Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ, որը կավարտվի ուշ երեկոյան:


Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

(Լուսանկարը` արտգործնախարարության)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG