Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ը «Երկխոսության հնարավորությունը» վերնագրի ներքո գրում է. - «Ի՞նչ պարզվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի` կառավարության նիստերի դահլիճում իր կողմնակիցների կոնգրեսում հնչած ելույթից: Նախ` որ Տեր-Պետրոսյանին այս պահին ժամանակ է պետք իր հետագա քայլերը պլանավորելու համար: Եթե սա բացենք` կտեսնենք, որ նա այս պահին մի տեսակ խուսափում է պատասխանատու որոշումներ ընդունելուց կամ, այլ կերպ ասենք, պատասխանատու որոշումներ կայացնելու համար նրան ժամանակ է պետք»:

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. - «Մենք կարող ենք պատասխանել այն հարցին, թե արդյոք կկատարվեն ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւի պահանջները: Համարձակվեմ կանխատեսել, որ կկատարվեն, որովհետեւ այդ պահանջներին հետամուտ է Հայաստանում ծավալվող համաժողովրդական շարժումը, որը ունի իրենց անելիքը հստակ պատկերացնող ակտիվիստներ, իրենց պատասխանատվությունը գիտակցող լիդերներ եւ մինչեւ վերջ պայքարելու վճռականություն եւ դրա համար անհրաժեշտ փորձառություն եւ ինտելեկտ ունեցող միասնական ղեկավար: Եվ եթե սերժանտական իշխանությունները այդ պահանջները չկատարեն պահանջված ժամկետում, այսինքն` մինչեւ հունիս, շատ ավելի վատ իրենց համար: Չնայած, այսպես թե այնպես, շատ ավելի վատ իրենց համար, որովհետեւ մեր շարժումը անկասելի է, մեր հաղթանակը` անխուսափելի: Այնպես որ, ոչ միայն քաղբանտարկյալները կհայտնվեն ազատության մեջ, ոչ միայն ավազակները կհայտնվեն բանտում, այլեւ «Ա1+»-ը եթերից կազդարարի. «Դիտեք մեզ, ճանաչեք ձեզ»:

Քաղաքակագետ Էդվարդ Անտինյանը «Հայոց Աշխարհ»-ում կարծիք է հայտնում. - «Առիթ ունեցել եմ դեռ նախագահական ընտրություններից առաջ ասելու, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդամենը սպասարկում էր Ռոբերտ Քոչարյանի շահերը: Անցած 10 տարիների ընթացքում նա լռել է եւ իր լռությամբ իսկ մեծ ծառայություն մատուցել: ՀՀՇ-ին սպասարկող մամուլի էջերում այդ տարիներին առավելապես ու անողոք քննադատում էին գործող ընդդիմությանը, ամեն ինչ անում, որ ընդդիմադիր ճամբարը չկայանա: Այս շրջանում նրա ակտիվությունը ուղերձ էր հաջորդ նախագահին, որով ցանկանում էր ասել, թե առաջիկա տասը տարիներին էլ ինքը գործոն է լինելու, որի հետ հարկ է հաշվի նստել: Տեր-Պետրոսյանը ամեն ինչ անում էր` համոզելու, թե իր ժամանակը դեռ չի ավարտվել: Բայց ստեղծվել է մի իրավիճակ, երբ տեղի ունեցածի ու զոհերի համար որեւէ մեկը պետք է պատասխան տա»:

«Դատերի երկիր Հայաստանս». այս վերնագրի ներքո «Ժամանակ Երեւան» թերթի մեկնաբանը փաստում է. - «Հայաստանյան դատարանները հայտնվել են մի ճամփաբաժանի առաջ, որտեղ ընտրության երկու հնարավորություն կա. կամ, հակադրվելով ռեժիմին, արդարացման վճիռներ կայացնել քաղբանտարկյալների գործով ու դառնալ նոր Հայաստանի հիմնադիրներից մեկը, կամ գնալ ժողովրդի կամքին հակառակ եւ, ակնհայտ անարդար դատավճիռներ կայացնելով, համակարգը տանել ինքնակործանման` դրանով վտանգելով նաեւ պետության անվտանգությունը: Այսօրվա դրությամբ դատարանները միանշանակ ընտրել են երկրորդ ճանապարհը»:

«Հայք»-ն անդրադարձել է նոր կառավարության ծրագրին. - «Կառավարությունը Ազգային ժողովի հավանությանն արժանացրեց մի ծրագիր, որը 80 տոկոսով Սերժ Սարգսյանի նախորդ կառավարության ծրագիրն է: Բոլոր այն սկզբունքային հակասությունները, որ կային նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում, այդպես էլ փոխզիջումային լուծումներ չեն ստացել: Արթուր Բաղդասարյանը, օրինակ, խոստանում էր հարկերի ու տուրքերի նվազում, պրոֆեսիոնալ բանակ, աշխատավարձերի ու թոշակների երկանգամյա բարձրացում, մատչելի բնակարան յուրաքանչյուրի համար, խնայբանկում սառեցված գումարների լիակատար վերադարձ, 300 հազար արտագաղթածների վերադարձ եւ էլի բազում սիրուն բաներ: Հիմա նա կոալիցիա է կազմել մի կառավարության հետ, որի ծրագրում հարկերը ոչ թե նվազում, այլ ավելանում են, բանակի պրոֆեսիոնալիզմի մասին ընդհանրապես ոչինչ չկա, կենսաթոշակային ապահովվածությունը լավագույն դեպքում հասնելու է կենսապահովման նվազագույն զամբյուղին: Իսկ ավանդների վերադարձի մասին ընդհանրապես մոռացել են: Մի՞թե սա կարելի է համարել ծրագրերի համադրում»:

«Այսօր խնդիրն այն է, թե ինչ որակի պետություն ու հասարակություն ենք ուզում ունենալ», - գրում է «Ազգ» թերթը: - «Կեղծիքի, երեսպաշտության մթնոլորտում ամենափոքր` դպրոցական, բուժական, հարկային, մաքսային, դատական եւ այլ օղակներից մինչեւ վերին օղակները կոռումպացված կառույցներով պետական մեքենա, որտեղ մարդը անպաշտպան է սոցիալապես ու բարոյապես, թե՞ օրենքի գերակայության քաղաքացիական ձեւավորված հասարակությամբ, կառավարման ժողովրդավարական սկզբունքներով երկիր, ուր մարդու իրավունքների պաշտպանվածությունը համարվում է առաջնային, ինչպես առաջադեմ բոլոր երկրներում, որովհետեւ ամենաթանկ կապիտալը որեւէ պետության համար մարդն է, իր երկրի քաղաքացին»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG