Մատչելիության հղումներ

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով են դիմել ավտոգազալցակայանների գործունեությամբ զբաղվող երկու տնտեսվարող սուբյեկտ, հայտնելով, որ մայիսի 5-ից իրենց գազալցակայաններում իջեցնում են իրացվող գազի գինը, յուրաքանչյուր խորանարդ մետրի համար այն սահմանելով 160 դրամ. նախորդ մի քանի օրերին այն 200 դրամ էր: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը:

Երեկ հանձնաժողովը սեղմված (բնական) գազի իրացման շուկայում վարույթ էր հարուցել, երբ գազի գնի սուբսիդիայի վերացումից հետո մոնիտորինգն արձանագրել էր գազալցակայանների կողմից ձեռք բերվող եւ վերջինների կողմից իրացվող գազի գնի նախնական գնահատականով անհամարժեք բարձրացում:

Վարույթը հնարավոր հակամրցակցային համաձայնության երեւույթների, մրցակցության օրենքի հնարավոր խախտման բացահայտման նպատակ ունի:

Ըստ Արմինե Ուդումյանի` վարույթն ընթացքի մեջ է:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` Արմինե Ուդումյանը հաստատեց, որ տվյալ շուկայում կա գերիշխող դիրք ունեցող ընկերություն. - «Դա «Մուլտի Լեոն» ընկերությունն է, որը դեռեւս մի քանի տարի առաջ գրանցվել է որպես գերիշխող դիրք ունեցող եւ տվյալ ժամանակում ունեցել է շուկայի մեկ երրորդից ավելին, ծավալներով գրավել է 57.7 տոկոսը»:

«Մուլտի Լեոն» ընկերությունը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG