Մատչելիության հղումներ

Աբխազական բանակը բերվել է բարձր մարտական պատրաստականության


Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հրամանով աբխազական բանակը բերվել է բարձր մարտական պատրաստականության:

Նման քայլի պատճառը, ըստ Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբայի, երեկ Աբխազիայի օդային տարածքում վրացական երկու անօդաչու հետախուզական ինքնաթիռների հայտնաբերումն էր: Գալիի շրջանում հայտնաբերված ավտոմատ կառավարվող օդանավերը աբխազական ուժերի կողմից անմիջապես ոչնչացվել են:

Սա արդեն երկրորդ նման դեպքն է վերջին երկու շաբաթվա ընթացքում: Առաջին հետախուզական օդանավը Աբխազիայի օդային տարածքում հայտնաբերվել եւ ոչնչացվել էր ապրիլի 20-ին, ինչից հետո վրաց - աբխազական հակամարտության գոտում իրավիճակը կտրուկ սրվեց, եւ Ռուսաստանը սկսեց համալրել տարածաշրջանում իր զորամիավորումները:

Աբխազ պաշտոնյաները, վկայակոչելով իրենց հավաստի տեղեկությունները, լրատվամիջոցներին փոխանցել են, թե վրացական զորքը պատրաստվում է առաջիկա օրերին ներխուժել Աբխազիայի տարածք:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Աբխազիայի պաշտպանության փոխնախարար Գարի Կուպալբան հայտարարել է, թե վրաց - աբխազական սահմանին կենտրոնացվել է 7,5-հազարանոց վրացական զորախումբ եւ ծանր զրահատեխնիկա: «Վրաստանը ծրագրում է գրավել Կոդորի կիրճի կարեւորագույն ռազմավարական օբյեկտները: Մենք դեռեւս հետեւում ենք նրանց գործողություններին. եթե առաջ շարժվեն, մենք էլ կշարժվենք դեպի Քութայիսի` ուժերն ու տեխնիկան մեզ բավարար են», - ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Lավրովը լրագրողներին վստահեցրել էր, թե կան «բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են, որ վրաց իշխանությունները ցանկանում են ուժային ճանապարհով լուծել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի խնդիրները»:

Հերքելով Աբխազիայի տարածք ներխուժելու ծրագրերի մասին լուրերը` Վրաստանի արտգործնախարարությունը միաժամանակ հաստատել է հետախուզական ինքնաթիռների մասին տեղեկատվությունը:

«Վրաստանի ներքին գործերի նախարարության հետախուզական ինքնաթիռները թռչում են եւ պետք է թռչեն Վրաստանի անջատողական տարածաշրջանի օդային տարածքով, որպեսզի տիրապետեն լիարժեք տեղեկատվության Ռուսաստանի Դաշնության ծավալած գործողությունների մասին: Սեփական օդային տարածքը վերահսկելու Վրաստանի ինքնիշխան իրավունքի սահմանափակման` ռուսաստանյան այսպես կոչված խաղաղապահ ուժերի փորձերը ուղղված են հակամարտության սրմանը եւ սպառնում են միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը», - ասված է Վրաստանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում:

Օրեր առաջ «Ռոյթերզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին անհանգստություն էր հայտնել, թե ռուսական բանակի ստորաբաժանումները «խաղաղապահ ուժերի անվան տակ շարունակում են մտնել Վրաստանի տարածք»:

«Եթե այսպես շարունակվի, ապա հնարավոր է, որ այս ամենը վերածվի ռուսական զորքերի կողմից Վրաստանի անբաժանելի մասը հանդիսացող տարածքի ապօրինի գրավման», - հայտարարել էր Վրաստանի նախագահը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG