Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը կիրակի օրը հրամանագիր է ստորագրել Արթուր Բաղդասարյանին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի մայիսի 4-ի մեկ այլ հրամանագրով հաստատվել է Ազգային անվտանգության խորհրդի կազմը, եւ խորհրդի քարտուղարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում նախագահի հաստատմանը ներկայացնել խորհրդի կանոնադրությունը:

Ազգային անվտանգության խորհրդի կազմում ընդգրկված են` հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, փոխվարչապետը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը, կառավարությանն առընթեր ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը 39 տարեկան է, ավարտել է Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը, Ռուսաստանի նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիան: 1997 թվականին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն` ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական կոչում, գիտական մենագրությունների, գիտական եւ հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1989 թվականին «Ավանգարդ» թերթի խմբագրությունում, որտեղ աշխատել է որպես թղթակից, բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ: 1993 թվականին ընտրվել է Երեւանի Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ:

Ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի բոլոր չորս գումարումների պատգամավոր: 1998 թվականի մարտին ընտրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2003 թվականի հունիսի 12-ից մինչեւ 2006 թվականի մայիսի 29-ը զբաղեցրել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը:

2000 թվականին ընտրվել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, իսկ 2002 թվականին` Կովկասում Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

1998 թվականի հունիսից գլխավորում է «Օրինաց երկիր» կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG