Մատչելիության հղումներ

Համաժողովրդական շարժման կոնգրեսում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած քննադատությունը՝ Եվրոպայի հասցեին, կոնգրեսին հարող «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Վարդան Խաչատրյանը «միանշանակորեն կիսում է»:

«Դեռ ավելին, կարող եմ ասել, որ ինձ բավական զարմացրեց այն հանգամանքը, որ մեր ընտրությունները վերահսկելու եկավ եվրոդիտորդական առաքելությունը` [Ջոն] Պրեսկոտի գլխավորությամբ, անձնավորություն, որը ներկայացնում է անգլիական քաղաքական իշխանության թեւը, որը մեղադրվում է Անգլիայում, եւ դատավարություն է ընթանում Եվրոպայում` այնտեղ տեղի ունեցած խորը ընտրակեղծիքների հետ կապված», - ասաց Խաչատրյանը այսօր կայացած խորհրդարանական ճեպազրույցում:

Կոնգրեսի աջակից կամ անդամ կուսակցությունների հետագա միաձուլման հեռանկարի առնչությամբ, որը ներկա պահին բացառելով` հետագայի համար ամեն դեպքում չբացառեց Տեր-Պետրոսյանը իր ելույթում, Խաչատրյանը ասաց. - «Հետագայի համար դա ընդամենը զարգացումների խնդիր է, եւ գնահատականները կարող են փոփոխվել: «Ժառանգություն» կուսակցությունը, համենայն դեպս, լինելով ժողովրդական շարժման կողքին, առայժմ դրա անհրաժեշտությունը ուղղակի չի տեսնում»:

Ելույթի կարեւորագույն կողմերից մեկը Վարդան Խաչատրյանն անվանեց այն, որ «մերժվեց երկխոսության խնդիրը ներկայիս իշխանությունների հետ, եւ այդ երկխոսության հիմքում, այնուամենայնիվ, դրվեց որոշակի բարոյական չափանիշ, որ կալանավայրերում գտնվողների ազատ արձակելուց հետո միայն կարող է երկխոսություն տեղի ունենալ»:

«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի տեսակետն այս հարցում այսպիսին է. - «Նախագահի առաջարկը` առանց նախապայմանների, մնում է ուժի մեջ: Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում կրկին առաջադրեց նախապայմաններ երկխոսության համար»:

Հանրապետականի խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը, իր հերթին, շեշտեց. - «Իշխանություններին եթե չի ընդունում որեւիցե մեկը, չի ընդունում նրա լեգիտիմությունը, ապա իշխանությունները ո՞ւմ հետ պետք է բանակցեն եւ ի՞նչ խնդրի շուրջ: Սա նշանակում է, ընդհանուր առմամբ, երկխոսության դուռը փակել»:

Ելույթի որոշ հատվածներ հանրապետական պատգամավորի համար, ամեն դեպքում, ողջունելի են. - «Այո, անհանդուրժողականություն կա, երկփեղկվածություն կա իշխանության եւ ընդդիմության լիդերների միջեւ: Եվ շատ կարեւոր է, որ արդեն ընդդիմությունը եւս հասկացավ, որը սկզբից հրճվում էր, ուրախանում էր, որ հնարավոր են պատժամիջոցներ Հայաստանի Հանրապետության հանդեպ, եւ հետո հասկացան, որ պատժամիջոցները Հայաստանի հանդեպ են, եւ դրսում լսում են Հայաստանի հարցերը, ոչ թե իշխանությունների հարցերը: Լավ է, որ արդեն տնտեսական պատժամիջոցների նկատմամբ տրամադրվածությունները, կոնկրետ «Հազարամյակի մարտահրավերների» կապակցությամբ, արդեն փոխվում է` կարծում եմ, շատ լավ է: Շատ լավ է այն մոտեցումը, որը հստակ ասում է, որ ներքաղաքական լարվածությունները բերում են երկրի թուլացմանը, եւ դրանից կարող է օգտվել արտաքին թշնամին, եւ Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումը, որ եթե անհրաժեշտություն լինի, ապա ազգը միասնաբար կդիմագրավի Ղարաբաղի հարցում»:

«Ես հուսով եմ, որ սա փոքր-ինչ մեղքի գիտակցություն է, որովհետեւ նաեւ իր գործողությունների արդյունքում թուլացավ Հայաստանը, նաեւ իր գործողությունների արդյունքում ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղը դարձան ավելի խոցելի», - հավելեց Սամվել Նիկոյանը:

Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետընտրական շրջանի համար նորմալ է գնահատում Տեր-Պետրոսյանի ելույթը, բայց՝ «նաեւ որոշ մտահոգություններ կան»:

«Որքան էլ առաջին նախագահը փորձի դիմել միջազգային հանրությանը, կամ Ամերիկայի կառավարությանը, կամ Եվրամիությանը, որպեսզի չդադարեցվեն այնպիսի ծրագրեր, որոնք օժանդակում են մեր երկրի զարգացմանը, սրանք կարող են պարզապես ձեւական արտահայտություններ լինել, եւ ավելի շատ կարող է միտված լինել երկիրը դեպի երրորդ-չորրորդ աշխարհի երկրներ տեղափոխելուն», - գտնում է դաշնակցական պատգամավորը: - «Հարկավոր է ներքաղաքական գործընթացները իր հունով տանելուց զատ երբեք չձգտել վնասել երկրի միջազգային հեղինակությանը, որովհետեւ արտաքին աշխարհում մեր երկիրը ուժեղ կարող է լինել միայն մի դեպքում` եթե երկրի ներսում լինի քաղաքական քաղաքակիրթ երկխոսություն»:

Ինչ վերաբերում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւին, ապա, ինչպես նշեց Արծվիկ Մինասյանը, «առաջին նախագահը նույնպես հղում կատարեց այդ փաստաթղթին եւ ասաց, որ անպայման դրանք պետք է կատարվեն»: «Եվ կոալիցիոն ձեւաչափը, եւ նաեւ այն քայլերը, որոնք նախատեսվում են, բերելու են այդ հարցերի լուծմանը», - հավելեց դաշնակցական պատգամավորը:

Բանաձեւի առիթով «Ժառանգության» պատգամավոր, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն ասաց, որ մայիսի 10-ին կհրապարակվի նախագահի ստեղծած խմբի ծրագիրն այդ ուղղությամբ, որից հետո «Ժառանգություն»-ն էլ իրենը կհրապարակի:

«Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները այսօր ճեպազրույցների չէին եկել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG