Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին կազմակերպության անդամ երկրների կառավարություններին կոչ է արել մամուլի ազատությունն ապահովելու համար լրագրողներին պաշտպանել հարձակումներից եւ վերացնել ազատ խոսքի սահմանափակումները:

Մամուլի ազատության միջազգային օրվա նախօրեին` մայիսի 2-ին Հարաշտին տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես ասվում է, որ երկու կարեւոր հարցերում՝ լրագրողների ֆիզիկական անվտանգության եւ քննադատական խոսքի իրավական պաշտպանության բնագավառներում, անցած տարվա ընթացքում վատթարացում է գրանցվել:

Հարաշտին մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ-ի որոշ երկրներում լրագրողների վրա հաճախակի դարձած եւ «բռնությամբ գրաքննություն ապահովելու» նպատակ ունեցող հարձակումների կապակցությամբ եւ կառավարություններին հորդորել է խիստ պատժամիջոցներ կիրառել լրագրողներին ահաբեկող անձանց նկատմամբ:

«Որպես վրեժխնդրություն քննադատական լուսաբանման համար Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Բուլղարիայում, Խորվաթիայում, Վրաստանում, Հունգարիայում, Ղրղըզստանում, Չերնոգորիայում, Ռուսաստանում, Սերբիայում եւ Մակեդոնիայում (ԵԱՀԿ հաղորդագրությունում ցանկը ներկայացված է այբբենական կարգով) լրագրողների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություն՝ ծեծի ենթարկելուց ընդհուպ մինչեւ սպանություն», - ասել է Հարաշտին եւ հավելել. - «Լրագրողների հանդեպ բռնությունը «սովորական հանցագործություն» չէ, քանի որ նպատակ ունի խարխլել ժողովրդավարության հիմնական հաստատությունը՝ ազատ մամուլը»:

«Քրեական արարքներ հրահրելու համար պետք է պատժել, սակայն անհրաժեշտ է երաշխավորել քաղաքական խոսքի, վիճաբանելու եւ նույնիսկ հեգնելու իրավունքները, դրանք շատ կարեւոր են ժողովրդավարական հասարակությունների համար», - ասել է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցով ներկայացուցիչ Միլկոշ Հարաշտին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG