Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը կոչ է անում Սերժ Սարգսյանին ապահովել «մարտի 1-ի ոճրագործության անկողմնակալ հետաքննությունը»


Հայաստանի առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանը մայիսի 2-ին Կառավարության նիստերի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցած Համաժողովրդական շարժման կոնգրեսում ունեցած իր ծավալուն ելույթում կոչ արեց նախագահ Սերժ Սարգսյանին ապահովել «մարտի 1-ի ոճրագործության անկողմնակալ հետաքննությունը»:

Հետընտրական շրջանում կատարվածի պատասխանատու հիմնականում անվանելով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, գործող նախագահ Սերժ Սարգսյանի մասին առաջին նախագահը ասաց հետեւյալը. - «Նրա պատասխանատվության չափը կախված է այն դիրքորոշումից, որը նա կդրսեւորի մարտի 1-ի ոճրագործության անկողմնակալ հետաքննության ապահովման գործում: Սարգսյանը իր անմեղությունը ապացուցելու ավելի հարմար եւ շահավետ միջոց չունի, քան համաձայնել այդ ոճրագործության հանգամանքների միջազգային, անկախ հետաքննության անցկացմանը»:

Հետընտրական Հայաստանում ստեղծված իրավիճակից միակ ելքը հայտարարելով նախագահի ու խորհրդարանի արտահերթ ընտրությունները, Լեւոն Տեր֊-Պետրոսյանը նախ ասաց, որ այժմ կանգնած են «շարժմանը նոր բովանդակություն հաղորդելու մարտահրավերի առջեւ», եւ առաջարկեց շարժումն օժտել կազմակերպական նոր ձեւով ու նոր անվանումով` Հայ ազգային կոնգրես:

Հետագայում չբացառեց նույնիսկ կուսակցության վերաճելը. - «Չի բացառվում նաեւ, որ կուսակցությունը իր գործունեությունը հիմնականում ծավալի ստվերային կառավարության միջոցով, ինչի առավելությունները հայտնի են ողջ քաղաքակիրթ աշխարհին»:

Ամեն դեպքում, շարժումը մշտական եւ վճռորոշ դերակատարություն է ունենալու Հայաստանի բոլոր քաղաքական իրադարձություններում. - «Այդ թվում` միասնական թեկնածուներով կամ ընդհանուր ցուցակներով մասնակցելով բոլոր մակարդակի ընտրություններին»:

Իշխանության հետ քաղաքական երկխոսության հեռանկարի մասին Տեր-Պետրոսյանը ասաց. - «Չընդունելով հանդերձ իշխանությունը զավթած վարչախմբի լեգիտիմությունը, մենք, այնուամենայնիվ, հաշվի առնելով նրա` ռեալ քաղաքական գործոն լինելու հանգամանքը, պատրաստ ենք երկխոսություն սկսել նրա հետ: Սակայն, այդ երկխոսությունը դիտելով ոչ թե որպես կողմերից մեկին ծնկի բերելու միջոց, այլ որպես երկրում իրական բարեփոխումներ իրականացնելու եւ քաղաքական գործունեության նորմալ դաշտ ստեղծելու պատեհություն: Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի կառավարությունը նախ եւ առաջ լիապես կատարի Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ապրիլի 17-ի թիվ 1609 բանաձեւի` որպես երկխոսության նախապայման ներկայացված պահանջները. մարտի 1-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն, քաղբանտարկյալների ազատ արձակում, ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր, երթեր, անցկացնելու մասին օրենքի լրացումների չեղյալ հայտարարում եւ այլն»:

Ողջունելով հանդերձ «վարչախմբի դեմ պատժամիջոցները», ավելացրեց, որ խորապես անհանգստացած են Հայաստանի դեմ ծրագրվող տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ հայտարարություններից:

«Համաժողովրդական շարժման անունից ես դիմում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը եւ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի վարչությանը` խնդրելով զերծ մնալ Հայաստանին հատկացվող օգնությունները նվազեցնելու կամ դադարեցնելու մտադրությունից»:

Դրանից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում քննադատության ենթարկեց Արեւմուտքը՝ մասնավորեցնելով, որ խոսքը եվրոպական կառույցներին է ուղղված, որոնք «թերանում են Հայաստանի ժողովրդի առջեւ նաեւ իրենց ստանձնած պարտավորություններից»` սկսած՝ «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապան»-ին եթեր չվերադարձնելու նրանց «լիակատար անկարողությունից» մինչեւ նախագահի վերջին ընտրությունների ու հետընտրական իրադարձությունների գնահատականները:


Ռուզաննա Խաչատրյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG