Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը կոչ է անում Արեւմուտքին «հակազդել Ռուսաստանի գործողություններին»


«Եկել է «ճշմարտության պահը», որպեսզի Եվրոպան խստորեն հակազդի Ռուսաստանի գործողություններին», - «Ռոյթերզ» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Անջատողական տարածքներում զորախմբերը համալրելու եւ այդ տարածաշրջանների հետ սերտ հարաբերություններ հաստատելու իր որոշումներով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է պատժել Արեւմուտքին Կոսովոյի անկախությունը ճանաչելու եւ ՆԱՏՕ-ի կազմն ընդլայնելու համար», - ասել է Վրաստանի նախագահը` ընդգծելով. - «Նրանք [ռուսները] հստակ ասել են այդ մասին... Պուտինը ինձ հետ զրուցելիս վերահաստատել է դա: Սա պատասխան է Կոսովոյի նախադեպին, սա պատասխան է Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դիրքորոշման մերժմանը եւ պատասխան է այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնման ենթադրվող սպառնալիքին»:

Սահակաշվիլին հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը անդրադառնում է ոչ միայն Վրաստանի վրա, այլեւ սպառնում է եվրոպական հիմնարար արժեքներին եւ սկզբունքներին. - «Արեւմուտքը, դեմոկրատական աշխարհը չպետք է աչք փակեն: Որովհետեւ սա լոկ Վրաստանի խնդիրը չէ, խոսքը ավելի խոշոր արժեքների մասին է: Դա նաեւ Եվրոպայի մնացյալ մասերի հիմնարար արժեքներին, սկզբունքներին եւ անվտանգությանն է վերաբերում:
Հուսով եմ, որ Եվրամիությունը եւ մյուս կառույցները կստիպեն Ռուսաստանին հրաժարվել այդ վտանգավոր քայլերից: Ռուսական բանակի ստորաբաժանումները խաղաղապահ ուժերի անվան տակ շարունակում են մտնել Վրաստանի տարածք` չնայած մեր կառավարության խիստ առարկությանը: Որեւէ երկիր իրավունք չունի խաղաղապահ ուժեր մտցնել այլ երկրի տարածք, եթե այդ երկիրը համաձայն չէ»:

Սահակաշվիլիի կանխատեսումներով, եթե այսպես շարունակվի, ապա «հնարավոր է այս ամենը վերածվի ռուսական զորքերի կողմից Վրաստանի անբաժան մասը համարվող տարածքի ապօրինի գրավման»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Աբխազիայում խաղաղապահ զորախմբերի թիվը երկու հազարից հասցրել է երեք հազարի:

Մոսկվան պնդում է, թե Վրաստանը Աբխազիայում ռազմական գործողություն է նախապատրաստում: Թբիլիսին, իր հերթին, Ռուսաստանի գործողություններն է որակում «ռազմական ագրեսիա»:

Ռուս-վրացական հարաբերությունների հերթական լարվածության առնչությամբ ՄԱԿ-ը արտահայտել է իր անհանգստությունը:
ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը հայտարարել են, որ Մոսկվայի որոշումը չի նպաստի տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG