Մատչելիության հղումներ

logo-print

Ահաբեկչության դեմ պայքարի մասին զեկույցում Պետդեպարտամենտը անդրադառնում է Հայաստան - Իրան հարաբերություններին


Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի մասին վերջին տարեկան զեկույցում հատուկ առանձնացնում է Իրանի եւ Հայաստանի միջեւ ջերմացող հարաբերությունները եւ նշում 2007-ի հոկտեմբերին Իրանի նախագահի, ապա պաշտպանության նախարարի պաշտոնական այցերը Երեւան:

«Առավել սերտ դիվանագիտական հարաբերություններին հավանություն տալուց բացի, այս այցերը ամրապնդեցին նախորդ երկկողմ պարտավորությունները` էներգետիկ եւ տրանսպորտային համատեղ ծրագրեր իրականացնելու վերաբերյալ», - փաստում է զեկույցն ու հավելում. - «Այս սերտ համագործակցությունը ստիպում է Հայաստանին ձեռնպահ մնալ Իրանի` լայնորեն վիճահարույց համարվող պահվածքը քննադատելիս, կամ միանալ ՄԱԿ-ի մյուս անդամներին, որոնք պատժամիջոցներ են առաջարկում իրանական վարչախմբի նկատմամբ»:

Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն, Իրանը աշխարհում ահաբեկչությանն աջակցող հիմնական երկիրն է, որը հովանավորում է Lիբանանի,Պաղեստինի ու Իրաքի ծայրահեղական խմբավորումներին:

«Կառավարության համատարած կոռումպացվածությունը, կազմակերպված հանցավորության շոշափելի առկայությունը, ինչպես նաեւ ծավալուն ստվերային տնտեսությունը Հայաստանը պոտենցիալ կերպով խոցելի են դարձնում` փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման սխեմաների համար», - ասված է պետդեպարտամենտի զեկույցում:

«Թեեւ պաշտոնական Երեւանը շարունակում է ամրապնդել իր հակաահաբեկչական ներուժը եւ ընդարձակում է այս ոլորտում համագործակցությունը Միացյալ Նահանգների եւ անվտանգության միջազգային կազմակերպությունների հետ, այդուամենայնիվ, Հայաստանի աշխարհագրական դիրքը, թափանցիկ սահմանները եւ ազատ անցագրային ռեժիմը դեռեւս հսկայական հնարավորություններ են ընձեռում մարդկանց, թմրամիջոցների ու դրամական միջոցների անօրինական տեղաշարժի համար», - փաստել է պետդեպարտամենտը:

Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարում 2007-ին կատարված քայլերին` զեկույցը նշում է, որ Հայաստանը բարելավել է իր սահմանային անվտանգությունը` գործի դնելով ավտոմատացված համակարգ, որը արձանագրում եւ մտապահում է ճանապարհորդների անունները մուտքի գրեթե բոլոր պաշտոնական անցակետերում, ինչպես նաեւ պարունակում է ոստիկանության եւ ազգային անվտանգության կողմից թարմացվող ցուցակներ` քրեական հանցագործությունների եւ ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց մասին:

«Թեեւ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ երկկողմ համաձայնագիր չի կնքել` ճանապարհորդների մասին տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ, այդուամենայնիվ, Հայաստանի ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը կեղծ ամերիկյան անցագրեր կամ Միացյալ Նահանգներին հետաքրքրող այլ փաստաթղթեր հայտնաբերելիս այդ տեղեկությունները տրամադրում են Միացյալ Նահանգների դեսպանատանը», - փաստում է զեկույցը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG