Մատչելիության հղումներ

Առաջին եռամսյակում հարկային եկամուտները աճել են ավելի քան 33 տոկոսով


Հայաստանի ֆինանսների նախարարությունը երեկ հրապարակել է 2008 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունը, որի համաձայն հարկային եկամուտները կազմել են 123 միլիարդ դրամ, ինչը ավելի քան 33 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Անկախ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը, սակայն, ուշադրություն է հրավիրում այդ հարկերի կառուցվածքին` նշելով, որ այդտեղ կեսից ավելին (52 տոկոսը) ավելացված արժեքի հարկն է:

«Ավելացված արժեքի հարկը, որը գնի մեջ է մտնում, վճարում է սպառողը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Աղաջանովը: - «Հայաստանի բնակչությունը հաց գնելիս պետությանը որպես ավելացված արժեքի հարկ ավելի շատ փող է մուծում, քան Հայաստանի ամբողջ բիզնեսները միասին վերցրած` շահութահարկ: Սա է աբսուրդը»:

11 տարի առաջ, ըստ նախկին վիճակագրության նախարար Աղաջանովի, ավելացված արժեքի հարկը կազմում են հարկերի ընդամենը 30 տոկոսը, իսկ ուղղակի հարկերը` շահութահարկը, եկամտահարկը, տոկոսային հարաբերությամբ ավելի շատ էին, քան այսօր:

Անդրադառնալով պաշտոնական մեկ այլ տվյալի, թե խոշոր հարկատուները վճարում են Հայաստանի հարկային եկամուտների մեծ մասը` Էդուարդ Աղաջանովը պնդեց. - «Դա սուտ է: Թվերով ճիշտ է, բայց որ նայում ես մուծած հարկերի կառուցվածքը, տեսնում ես, որ նա չի մուծել, սպառողն է մուծել»: Նրա խոսքով, խոշոր հարկատուների վճարած հարկերի մեծ մասը դարձյալ անուղղակի հարկերն են` ավելացված արժեքի հարկը, ակցիզային հարկը:

Անկախ տնտեսագետը նաեւ թերահավատորեն է վերաբերում հարկային վարչարարությունը բարելավելու մասին կառավարության հայտարարություններին, քանի որ, ըստ նրա, հարկային վարչարարություն ասելով, կառավարությունը նկատի ունի հիմնականում հարկերի հավաքումը: Մինչդեռ, իր կարծիքով, առաջնայինը հարկման այնպիսի ռեժիմներ ստեղծելն է, որ տնտեսվարող սուբյեկտը ինքը ստվերից դուրս գա:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG