Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»֊-ը շարունակում է ընթերցողների ուշադրությանը ներկայացնել Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան կենտրոնի «Հայաստանի նախագահական ընտրությունները՝ ներքաղաքական եւ ընտրական գործընթացների վրա նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ազդեցության տեսանկյունից» վերլուծական զեկույցի հիմնական դրույթները։ Թերթը գրում է. - «Մոսկովյան վերլուծաբանների համոզմամբ, Հայաստանում փետրվարի 20-ից մինչեւ մարտի 2-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունները եւ դրանց արդյունքները միանգամայն ակնբախ ցույց տվեցին. Տեր-Պետրոսյանն իր առջեւ դրել էր առավել քան կոնկրետ խնդիր` թուլացնել Հայաստանի պետականությունն ու դիրքերը արտաքին քաղաքական ասպարեզում։ Եվ խոսքը վերաբերում է նախեւառաջ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը»։ «Հայոց Աշխարհ»֊ը մեջբերում է. - «Հնարավոր է, որ ի սկզբանե ծրագրվում էր անել դա, այսպես ասած, խաղաղ ճանապարհով. մեղադրել իշխանություններին զանգվածային ընտրախախտումների մեջ, դրանով իսկ կասկածի տակ դնելով երկրի նոր նախագահի լեգիտիմությունը։ Սակայն այդ դեպքում անհրաժեշտ էր միջազգային դիտորդների բացասական գնահատականը։ Ի հիասթափություն Տեր-Պետրոսյանի, ընտրությունների խիստ բացասական գնահատականների հասնել չհաջողվեց նույնիսկ ծավալներով աննախադեպ ձայների վերահաշվարկից հետո։ Իսկ երբ սկսեցին ստացվել նորընտիր նախագահին հասցեագրված շնորհավորական հեռագրերը, ակնհայտ դարձավ, որ աշխարհն ամենեւին էլ մտադիր չէ կշտամբել հայկական իշխանություններին կեղծարարության մեջ։ Այդպիսով՝ իշխանության վարկաբեկման «խաղաղ» ուղին Տեր-Պետրոսյանի համար փակվեց»:

«Չորրոր իշխանություն»֊ը նույն թեմայով գրում է. - «Ռազմավարական հետազոտությունների մոսկովյան ինչ֊-որ անհայտ կենտրոն վերջերս Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին զեկույց էր հրապարակել: Ավելի ճիշտ՝ զեկույցը Լեւոն Տեր֊-Պետրոսյանի մասին էր: Մոսկովյան որեւէ «կենտրոն», եթե, իհարկե, այդպիսին իսկապես գոյություն ունի, կարող է դուրս տալ՝ ինչ խելքին փչում է: Նման էկզոտիկ կենտրոնները, որպես կանոն, աշխատում են ռուսական հատուկ ծառայությունների հովանու ներքո: Հասարակությունը լավ է հասկանում, թե ինչն է ռեժիմին ստիպում Լեւոն Տեր-֊Պետրոսյանին անվանել մերթ մասոն, մերթ ԿԳԲ-֊ական, մերթ ամերիկյան լրտես, մերթ զանգվածային հիպնոսի մասնագետ... Ռեժիմին ստիպում է վախը, թեեւ տվյալ դեպքում հոգեբույժները գերադասում են «ֆոբիա» տերմինը: Ամեն դեպքում, ռեժիմի հոգեխանգարմունքն ակնհայտ է»:

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, որը գտնվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, «Առավոտ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնում. - «Իշխանությունը կանգնած է երկընտրանքի առաջ. կամ բռնապետության փորձ, որի ավարտը, ինչպես ասել եմ, Հայաստանը կդարձնի «իզգոյ»` այստեղից բխող բոլոր հետեւանքներով, կամ էլ երկխոսություն իրական ընդդիմության հետ… Ես կարծում եմ` դուք էլ եք նկատում, որ այսօր կատարվում են կես քայլեր: Սա գործելակերպ է: Ռոբերտ Քոչարյանը բոլոր հարցերը փորձում էր լուծել պարտիական` «չթույլատրել, արգելել» սկզբունքով, այսինքն` ուժով: Սերժ Սարգսյանը ցայսօր արմատական որեւէ բարեփոխում չի կատարել: Սա իրողություն է, եւ սրան չհամաձայնողը դժվար թե որեւէ պատճառաբանված փաստ բերի: Հակառակ դեպքում, նա պետք է փորձի ապացուցել, որ հնարավոր է երկխոսություն` ուժի դիրքերից խոսող իշխանության եւ անազատության մեջ գտնվող ընդդիմության միջեւ»:

«168 ժամ»-ի տնտեսական մեկնաբանը այսպես է ներկայացնում, թե ինչպես է Տիգրան Սարգսյանը երեկ ներկայացրել կառավարության ծրագիրը խորհրդարանում. - «Տիգրան Սարգսյանի համարյա բոլոր ելույթ-բացատրությունները ոչ թե օգնում, այլ խանգարում էին հասկանալ, թե ինչ է գրված կառավարության ծրագրում: Նախ այն պատճառով, որ վարչապետը խիստ ինքնատիպ հայերենով է խոսում. օրինակ` ասում է, որ նոր կառավարության ծրագրերը հավակնոտ են: Արդի հայերենի բոլոր բառարանները «հավակնոտ» ածականը բացասական իմաստով են մեկնաբանում. «Հավակնոտը այն հավակնություն ունեցողն է, ով իր մասին մեծ համարում ունի»: Ուշադրություն դարձրեք` ոչ թե հասարակական մեծ համարում ունի, այլ պարզապես ինքը իր մասին մեծ համարում ունի: Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ «մենք պետք է բարեշրջություն կատարենք մեր մտածողության մեջ»: Հետո լրագրողների համար հատուկ բացատրեց, որ բարեշրջություն բառը բարեփոխման փոխարեն օգտագործում է, որովհետեւ ուզում է նոր տերմին մտցնել: «Այն ի դեպ կա Աճեմյանի բառարանում», - ասաց Տիգրան Սարգսյանը: Սույն փաստը եւս ի ցույց դրեց այն, որ մենք բոլորս ուրիշ բառարաններով ենք կրթություն ստացել, իշխանությունները` ուրիշ: Հայ հասարակությունը, ի տարբերություն հայ իշխանավորի, հայոց լեզուն սովորել է Աճառյանի, Սուքիասյանի, Աղայանի ու եւս մի քանի այլ հանրահայտ բառարաններով: Դրանց թվում ոչ մի Աճեմյանի բառարան չկա»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG