Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Աշխատավորների միջազգային օրը նշեց փոքրիկ հանրահավաքով Ստեփան Շահումյանի արձանի հարեւանությամբ:

Սովորաբար կոմկուսը այս օրը կազմակերպում էր նաեւ տոնական երթ, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԿԿ-ի առաջնորդ Ռուբեն Թովմասյանը, այս տարի իրենք հրաժարվեցին երթից, քանի որ «մարտի 1-ի իրադարձություններից հետո Հայաստանում սգո մթնոլորտ է»:

«10 մարդ զոհվեց, եւ այդ զոհերը երբեք չեն մոռացվի», - ասաց Թովմասյանը: - «Պատմությունը դեռեւս կվերլոււծի մարտի 1-ի դեպքերը: Ես հաստատ համոզված եմ, որ մարտի 1-ը կմնա մեր պատմության մեջ որպես ամենաողբերգական օրերից մեկը»:

Հարցին, թե ով է կրում այդ ողբերգական իրադարձությունների պատասխանատվությունը, Ռուբեն Թովմասյանը արձագանքեց. - «Մեղավորներին փնտրելը դա իմ գործը չէ, բայց ես հաստատ համոզված եմ, որ իշխանությունները, եթե ցանկանային, կփրկեին, այդ իրադեպը տեղի չէր ունենա»:

Հանրահավաքը սկսելուց առաջ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Հանրահավաքի մասնակիցները մի քանի կետերից բաղկացած կոչ ուղղեցին իշխանություններին` հորդորելով, մասնավորապես, «ժողովրդից չխլել խոսքի ազատությունը, հանրահավաքներ եւ ցույցեր անցկացնելու իրավունքը», «արդար քննություն անցկացնել» հետընտրական շրջանում «յուրաքանչյուր կալանավորվածի գործի վերաբերյալ», «ազատ արձակել այն մարդկանց, որոնց մեղքը ընդամենը իշխանությունների հասցեին ասված քննադատական խոսքերն են եղել», «վերջ տալ բռնություններին եւ հետապնդումներին»:

Մայիսի 1-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Աշխատանքի օր: Տոնի կապակցությամբ հղած ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը գրել է. - «Մենք գիտակցում ենք, որ այսօր մեր երկրի աշխատավորները լուրջ ակնկալիքներ ունեն նոր իշխանություններից աշխատատեղերի ստեղծման, աշխատանքի շուկայի բարելավման, աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորման եւ աշխատավարձերի բարձրացման հարցերում։ Այս բոլոր խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, եւ դրանք լուծելի են»։


Ռուզաննա Ստեփանյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG