Մատչելիության հղումներ

logo-print

Ջոն Հեյդեն. «Ռուսաստանի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կնվազի 32 միլիոնով»


«Վաշինգթոն թայմս» թերթի փոխանցմամբ, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն, գեներալ Ջոն Հեյդենը երեկ Կանզաս նահանգի Մանհեթեն քաղաքի համալսարանում ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման ընթացքում խոսել է ԱՄՆ - Եվրոպա, ԱՄՆ - Չինաստան հարաբերությունների, Իրաքի պատերազմի եւ միջազգային այլ թեմաների մասին:

Անդրադառնալով Ռուսաստանին, Ջոն Հեյդենն ասել է, որ ԿՀՎ-ի փորձագետների կատարած վերլուծությունները վկայում են, որ ժողովրդրագրական բացասական միտումների հետեւանքով այդ երկրի բնակչությունը մինչեւ 2050 թվականը կնվազի շուրջ 32 միլիոնով:

"Տնտեսական աճը պահպանելու համար Ռուսաստանը ստիպված կլինի արտասահմանից աշխատուժ ներգրավել: Ներգաղթյալների մի մասը կլինեն ռուսներ նախկին խորհրդային հանրապետություններից: Սակայն մնացյալները կլինեն չինացիներ եւ ոչ ռուսներ Անդրկովկասից, Կենտրոնական Ասիայից եւ այլ շրջաններից, ինչը հղի է ազգամիջան եւ միջկրոնական լարվածության հետագա աճի վտանգով», - ասել է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ղեկավարը:

«Վաշինգթոն թայմս»-ը այդ կապակցությամբ նշում է, որ Ռուսաստանում վերջին տարիներին շեշտակի աճել է օտարազգիների վրա ազգայնականների եւ նեոնացիստների կատարած հարձակումների թիվը:

«Սովա» կենտրոնի տվյալներով, 2007 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Ռուսաստանում ռասիստական գրոհների զոհ է դարձել 17 մարդ, մինչդեռ այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում արդեն սպանվել է 53 եւ վնասվածք է ստացել 160 մարդ:

Ինչպես փոխանցում է «Վաշինգտոն թայմս»-ը, մեկնաբանները համոզված են, որ Ռուսաստանում ծայրահեղական տրամադրությունների աճը տեղի է ունեցել նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրան փոխարինող Դմիտրի Մեդվեդեւի օրոք դեմոկրատական արժեքներից հրաժարվելու եւ ավտորիտար կառավարման գործելակերպ որդեգրելու հետեւանքով:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG