Մատչելիության հղումներ

Թուրքական ոստիկանությունը ցրել է մայիսմեկյան ցույցը


Ստամբուլի ոստիկանությունն այսօր արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ կիրառեց` արհմիությունների ու ձախակողմյան խմբավորումների մայիսմեկյան ցույցը ցրելու նպատակով:

Նախորդ օրերին ձախ ուժերի ներկայացուցիչներն ու քաղաքային իշխանությունները չկարողացան համաձայնության գալ ցույցի անցկացման վայրի վերաբերյալ: Արհմիությունները ցանկանում էին մայիսմեկյան հանրահավաքն անցկացնել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում: Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերը, սակայն, նշում էր, որ նման հանրահավաքի անցկացումը տեխնիկապես անիրագործելի է:

«Թաքսիմ հրապարակը բավական մեծ տարածք է զբաղեցնում, ունի բազմաթիվ ելքեր ու մուտքեր, ուստի ոստիկանության համար դժվար կլինի զանգվածային միջոցառման ընթացքում ամբողջությամբ վերահսկել այն: Բացի այդ, Թաքսիմը կարեւոր տրանսպորտային հանգույց է, եւ հանրահավաքի անցկացումն այնտեղ կարող է կաթվածահար անել քաղաքի կենտրոնը», - հայտարարել է Գյուլերը:

Նահանգապետի այս հայտարարությունից հետո, սակայն, թուրքական արհմիությունների ներկայացուցիչները վերահաստատեցին իրենց ցանկությունը` հանրահավաքն անցկացնել հենց կենտրոնական հրապարակում: Ի պատասխան Ստամբուլի նահանգապետը հանդես եկավ նոր պարզաբանումներով. - «Մենք կանխելու ենք ցանկացած անօրինական միջոցառում: Թաքսիմ հրապարակին հարող բոլոր փողոցները արգելափակվելու են, քաղաքային տրանսպորտը շրջանցելու է կենտրոնական թաղմասերը, չի գործելու մետրոյի «Թաքսիմ» կայարանը»:

Չնայած ձեռնարկված ջանքերին, այսօր բախումներից խուսափել այդպես էլ չհաջողվեց: Առավոտյան ոստիկանները ցրեցին Շիշլի թաղամասում թուրքական երեք խոշորագույն արհմիություններից մեկի`«Հեղափոխական աշխատավորների համադաշնության» գրասենյակի մոտ հավաքված ցուցարարներին: Նրանց մի մասը պատսպարվեց արհմիության գրասենյակի ներսում: Մի քանի ժամ շարունակ ցուցարարները արգելափակված մնացին արհմիության շենքում: Ըստ լրատվական գործակալությունների` ոստիկանները ցուցարարներին արգելել էին դուրս գալ շենքից:

Սրան զուգահեռ ձախ ուժերի ներկայացուցիչները մի քանի այլ խմբեր հավաքվեցին Թաքսիմ հրապարակի մերձակայքում` Թառլաբաշի, Էլմադաղ եւ Բեյօղլու թաղամասերում: Այստեղ եւս բախումներ են արձանագրվել ոստիկանների եւ ցուցարարաների միջեւ:

Մայիսի 1-ի տոնակատարություններն ու ցույցերը Թուրքիայում արգելվել են ավելի քան 30 տարի առաջ: 1977 թվականի մայիսի 1-ին արհմիությունների կազմակերպած բազմահազարանոց ցույցը գնդակոծվեց անհայտ անձանց կողմից` դառնալով ավելի 30 մարդկանց մահվան պատճառ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG