Մատչելիության հղումներ

Եվրոպացիների առաջարկներն ուսումնասիրող խումբը սկսեց իր աշխատանքը


Երեկ Հայաստանի նախագահի նստավայրում իր աշխատանքը սկսեց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւում ներառված առաջարկություններն ուսումնասիրելու եւ դրանց իրականացումը համակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը:

Ինչպես այսօր հաղորդել է նախագահի մամլո ծառայությունը, աշխատանքային խմբի առաջին նիստը վարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, որը գլխավորում է խումբը:

Քննարկվել են «բանաձեւի իրագործմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստմանը վերաբերող հարցեր»:

Ուրբաթ օրը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստեղծված խմբին հանձնարարված է երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ` առաջիկա քայլերի վերաբերյալ:

Երկու շաբաթ առաջ Ստրասբուրգում ընդունված բանաձեւով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը առաջարկել էր անհապաղ սկսել մարտի 1-ի իրադարաձությունների (որոնց զոհ են գնացել 10 եւ վիրավորվել 200 հոգի) վերաբերյալ անկախ հետաքննություն, անհապաղ ազատ արձակել առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներով կալանավորված անձանց եւ անհապաղ վերացնել եւ ուժը կորցրած համարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված փոփոխությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG