Մատչելիության հղումներ

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ, ազատամարտիկ Աշոտ Զաքարյանի եւ նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի գործով դատավարությունը:

Միջադեպը, որի կապակցությամբ մեղադրվում են հիշյալ երեք անձինք, տեղի է ունեցել փետրվարի 19-ին Գյումրիի թիվ 34/06 ընտրատեղամասում: Ըստ մեղադրանքի, նշված անձինք մոտ կես ժամ խանգարել են տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:

Նիստի սկզբում դատավոր Վահե Խալաթյանը տեղեկացրեց, որ երեկ դատարանը գործով 6 վկաներից ստացել է դիմում, որով վերջիններս հրաժարվել են ցուցմունք տալ դատարանում, քանի որ «դատարանի կողմից չի ապահովվում նրանց անվտանգությունը» եւ «հոգեբանական ճնշումներ կան»:

Պետական մեղադրողներից Արմեն Բոշնաղյանը ասաց, որ նիստը հարկավոր է հետաձգել, քանի որ «առանց վկաների հարցաքննության գործով հնարավոր չէ եզրակացության հանգել որեւէ կոնկրետ հարցի վերաբերյալ»:

Շոթա Սաղաթելյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը այսպես արձագանքեց վկաների չներկայանալուն. - «Դեռ երեկ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում ինձ հայտնի դարձավ, որ վկաները չեն գալու դահլիճ: Սա, ըստ էության, կազմակերպված էր»:

«Հոգեբանական ճնշումը իշխանությունների կողմից է, աղբյուրը մեկն է` որ թելադրվել են այդպիսի ցուցմունքներ տալու», - հավելեց փաստաբանը` շարունակելով. - «Կտան ցուցմունք, չեն տա, միեւնույն է, դատարանը մեղադրական եզրակացության վերնագիրը փոխում է` գրում է դատավճիռ, ու կնիքը խփում»:

Դատական նիստը հետաձգվեց ու կշարունակվի մայիսի 7-ին:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG