Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանը այսօր 88 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց նորակազմ կառավարության ծրագրին:

«Շնորհավորում ենք կառավարությանը ծրագրի ընդունման հետ կապված, եւ Ազգային ժողովը պատրաստ է լիարժեք աջակցելու կառավարությանը այս կարեւոր ծրագիրը իրականացնելու համար», - քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո ասաց Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը:

Քննարկումների ժամանակ դեմ արտահայտվեցին միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: Խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը ասաց, որ իրենց առաջարկներից շատերը չեն ընդունվել, իսկ ծրագիրը «հստակ չի գրված»: Սաֆարյանը հայտարարեց, որ «Ժառանգություն»-ը չի կարող կողմ քվեարկել ծրագրին, բայց հույս հայտնեց, որ կառավարության «խոսքն ու գործը կհամընկնեն»:

Ծրագրին կողմ էին կոալիցիա անդամ բոլոր ուժերը` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Բարգավաճ Հայաստան»-ը եւ «Օրինաց երկիր»-ը:

«Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը այո ասելով ներկայացված ծրագրին, կոչ է անում իր կոալիցիոն գործընկերներին զերծ մնալ կուսակցամոլությունից», - ասաց պատգամավոր Արտակ Դավթյանը:

«Օրինաց երկիր»-ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը բարեփոխումների համար «լուրջ հիմք» որակեց կառավարության գործունեության ծրագիրը: Իսկ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հրայր Կապապետյանը հայտարարեց, որ կոալիցիան «ունի այնքան քաղաքական կամք, որ կարողանա իրականացնել ծրագիրը»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Վարդան Բոստանջյանը իր ելույթում ասաց. - «Սրանք, ըստ էության, կարող են ներկայանալ որպես մոլորակը կառավարող ազգի կողմից միամիտների համար գեներացված բառակապակցություններ… Ինչո՞ւ չլինենք բիզնես կենտրոն, բայց` ո՞նց: Ինչո՞ւ չլինենք ֆինանսական կենտրոն, ուզում եմ հասկանալ` ո՞նց, ֆինանս չունենալով: Ինչեւիցե «Բարգավաճ Հայաստան»-ը երկու ձեռքով կողմ է կառավարության ծրագրին»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը օրենսդիրներին հավաստիացրեց, որ կառավարության «խոսքերի եւ գործերի մեջ դուք չեք հայտնաբերելու տարբերություն»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG