Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու, Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Բարաք Օբաման խոստացել է շարունակել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը:

«Հրամայական է, որպեսզի մենք ճանաչենք հայ ժողովրդի դեմ իրականացված ահավոր գործողությունները որպես ցեղասպանություն», - ասված է Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցի կապակցությամբ երկուշաբթի օրը Կոնգրեսին Օբամայի հղած հայտարարությունում: - «Ես շարունակելու եմ սատարել ամերիկահայ համայնքին այն որպես այդպիսին ճանաչելու` Թուրքիային ուղղած կոչերում»:

«Անցյալ շաբաթ մենք ոգեկոչեցինք 1915-23 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Մոտ երկու միլիոն հայեր տեղահանվել են, տեղահանվածներից շուրջ մեկեւկես միլիոնը սպանվել են», - ասված է հայտարարությունում, որը տարածել են Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից:

Ընդգծելով, որ Հայոց ցեղասպանությունը փաստաթղթերով եւ պատմական բազմաթիվ ապացույցներով հաստատված փաստ է, Օբաման շարունակում է. - «Ես խորապես անհանգստացած էի երկու տարի առաջ, երբ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը հետ կանչվեց հայերի զանգվածային կոտորածը նկարագրելիս «ցեղասպանություն» տերմինը օգտագործելու համար: Ես պետքարտուղար Ռայսին կոչ արեցի մանրամասն ուսումնասիրել Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումը, որը ես անհիմն եմ համարում»:

«Ես շարունակելու եմ հանդես գալ Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին եւ հայ ժողովրդին հայտնում եմ իմ ցավակցությունները», - իր հայտարարությունն ամփոփել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուն:

Այս տարվա հունվարի 19-ին Բարաք Օբաման ամերիկահայ համայնքին էր փոխանցել հայտարարություն, որում Կոնգրեսին կոչ էր անում ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը, ինչպես նաեւ խոստանում էր նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտախոս է Հայոց ցեղասպանության հարցում եւ վճռականորեն արձագանքում է բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ դառնալ այդ նախագահը», - հայտարարել էր նա:

Օբամայից բացի եւս երեք տասնյակ կոնգրեսականներ են Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով հայտարարություններ ներկայացրել Կոնգրես, այդ թվում` Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջո Բիդենը, Ներկայացուցիչների պալատի մեծամասնության առաջնորդ Սթինի Հոյերը:

Իսկ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը շեշտել էր ապրիլի 23-ին` Կոնգրեսի շենքում անցկացված հիշատակի միջոցառման ժամանակ:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG