Մատչելիության հղումներ

logo-print

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է Սերժ Սարգսյան – Lեւոն Տեր-Պետրոսյան հանդիպումը միջնորդելու փորձերը


Խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր ուժի` «Ժառանգություն» կուսակցության նախագահ եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է ջանքեր գործադրել նախագահ Սերժ Սարգսյանի եւ առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ երկխոսությունը միջնորդելու ուղղությամբ:

«Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է, որ այդ երկու կարեւոր գործիչները իրար հանդիպեն դեմ առ դեմ, տղամարդավարի, հայաստանավարի դնեն խնդիրները», - այսօր հրավիրած ասուլիսում, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Հովհաննիսյանը: - «Եթե իրենց մեջ մինչեւ հիմա չի կայացել այդ հանդիպումը, եւ չի եղել այդ քաղաքական պատասխանատվության ստանձնումը, որ մարտի 1-ին մենք կորցրեցինք տասը համաքաղաքացիներ, ապա այդ պատասխանատվությունը իմն է… Իհարկե, ես շարունակելու եմ փորձերը իրականացնելու համար ոչ միայն այդ, այլ ընդհանրապես իշխանություն - «Ժառանգություն», իշխանություն - առավել լայն ընդդիմություն եւ իշխանություն - հասարակություն այդ անհրաժեշտ բազմախոսությունը»:

«Ես չէ, որ պետք է կախարդական փայտիկով իրենց ի մի բերեմ», - հավելեց նա: - «Իրենք կարող են նաեւ ուղղակի իրար գտնեն հիմա, հաղթահարեն յուրաքանչյուրը իր նախապայմանը եւ այդ հանդիպումը կայանա: Հույս ունեմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում իսկապես մենք մեզ կզարմացնենք, եւ կայանա ոչ միայն այդ հանդիպումը [Սարգսյան – Տեր-Պետրոսյան], այլ, որ ավելի կարեւոր է, կլինի իմաստալից երկխոսություն իշխանության եւ «Ժառանգության», իշխանության եւ հասարակության միջեւ»:

Խոսելով իշխանություն – ընդդիմություն երկխոսությանն ուղղված կոնկրետ քայլերի մասին, Րաֆֆի Հովհաննիսյանը մատնանշեց խորհրդարանում ընդդիմության դերակատարության մեծացման անհրաժշտությունը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարի համոզմամբ, ընդդիմությունը խորհրդարանում պետք է պատասխանատվութունը կիսի մեծամասնություն հետ, Ազգային ժողովում «պատասխանատվության վերաբաշխում պետք է կատարվի»:

«Թե Ազգային ժողովի օրակարգի երաշխավորված սահմանման առումով, թե հանձնաժողովների ղեկավարության մեջ պատասխանատու պաշտոնների ստանձնման առումով, եւ մնացած այլ որոշման կայացման մեխանիզմերը իրականացնելու տեսակետից, ընդդիմությունը պետք է ունենա էական մասնակցություն Ազգային ժողովից ներս», - ասաց Հովհաննիսյանը` ճշտելով, որ խոսքը իրենց պաշտոն առաջարկելու եւ այդ առաջարկը ընդունել-չընդունելու մասին չէ: - «Մենք առաջարկելու ենք համալիր գործողությունների, բարեփոխումների ծրագիր, փաթեթ: Անհրաժեշտ է, որ մենք գտնենք այդ ներքին բանաձեւը, որպեսզի այդ պատասխանատվության ստանձնումը լինի ոչ թե մի պաշտոնի միջոցով, այլ լինի բովանդակային եւ վերաբերի ամբողջ ընդդիմությանը` թե այսօր, թե վաղը»:


Ռուզաննա Ստեփանյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG