Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի մշտական խորհուրդը կքննարկի վրացական հետախուզական օդանավի ռմբահարման միջադեպը


ԵԱՀԿ-ի մշտական խորհուրդը այսօր Վիեննայում հատուկ նիստ է անցկացնելու` քննարկելու համար վրացական անօդաչու հետախուզական օդանավի ռմբահարման միջադեպը:

Վերջերս տեղի ունեցած այդ միջադեպը է’լ ավելի սրեց ռուս - վրացական հարաբերությունները: Երկու կողմերը, մեղադրելով միմյանց, ավելացնում են իրենց զինված ուժերի թվաքանակը վրաց - աբխազական հակամարտության գոտում:

Ռուսաստանը երեկ մեղադրել է Վրաստանին Կոդորի կիրճ 1500 զինվորականներ ուղարկելու մեջ, պնդելով, թե Վրաստանը պլացդարմ է նախապատրաստում Աբխազիայի վրա հարձակվելու համար:

Պաշտոնական Թբիլիսին հերքել է այդ մեղադրանքը` իր հերթին, ռուսական կողմին մեղադրելով Աբխազիայում խաղաղապահների քանակը ավելացնելու համար, ինչի մասին նույն օրը հայտարարել էին Ռուսաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունները:

Խաղաղապահների քանակը ավելացնելու մասին Ռուսաստանի հայտարարությունից մեկ ժամ անց Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Ազգային անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել:

Վարչապետ Լադո Գուրգենիձեն նիստից հետո ասել է, թե Ռուսաստանը խաղաղապահների թիվը ավելացնում է մինչեւ 3 հազարի, եւ որ արդեն զինտեխնիկա է տեղափոխվում Աբխազիա:

«Մենք համաձայն չենք այդ որոշման հետ եւ դա անպատասխանատու քայլ ենք համարում», - հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Երեկոյան հեռուստատեսությամբ ելույթ է ունեցել Միխեիլ Սահակաշվիլին` ուղերձով դիմելով Աբխազիայի ու Հարավային Օսիայի ժողովուրդներին:

Նա հայտարարել է, թե Վրաստանը պատերազմ չի ուզում, աբխազներին եւ օսերին միասնության կոչ է արել, իսկ Ռուսաստանին մեղադրել է նրանց ընտրության հնարավորությունից զրկելու եւ նրանց փոխարեն որոշումներ ընդունելու մեջ:

Ավելի ուշ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի առաջնորդները «Ինտերֆաքս»-ին ասել են, թե իրենց ընտրությունն արդեն կատարել են, եւ դա անկախությունն է:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին, Եվրամիության ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ռուսաստանը Վրաստանում պատերազմելու մտադրություն չունի: Իսկ նրա հետ հանդիպումից հետո Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան ասել է, թե Ռուսաստանը խոհեմ չի շարժվում:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG