Մատչելիության հղումներ

Թուրքիայի խորհրդարանն ընդունեց փոփոխությունները 301 հոդվածում


Թուրքիայի 550-տեղանոց խորհրդարանը այսօր վաղ առավոտյան ընդունել է Քրեական օրենսգրքի 301 հոդվածում առաջարկված փոփոխությունները՝ ձայների 250 կողմ, 65 դեմ հարաբերակցությամբ: «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` կողմ են քվեարկել միայն իշխող կուսակցության պատգամավորները: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի երկրի նախագահի վավերացումից հետո:

Ազգային մեծ ժողովը երեքշաբթի մինչ ուշ գիշեր քննարկել է փոփոխությունները «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար պատիժ սահմանող 301 հոդվածում, որով հետապնդվել են հարյուրավոր գրողներ, լրագրողներ, այդ թվում Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

Խորհրդարանի ազգայնական ընդդիմությունը խստորեն դեմ էր արտահայտվել փոփոխություններին, որոնցով քրեական հանցանք է համարվելու ոչ թե «թուրքական ինքնությունը», այլ Թուրքիայի պետությունը վիրավորելը, արդարադատության նախարարի թույլտվությամբ է միայն գործ հարուցվելու այդ հոդվածով, իսկ առավելագույն պատժաչափը 3-ից կրճատվելու է 2 տարվա ազատազրկման:

Այդուհանդերձ, գրողներն ու հրատարակիչները Թուրքիայում մտավախություն ունեն, որ տվյալ հոդվածի փոփոխությամբ դատավարությունները չեն պակասելու: Նրանք այս փոփոխությունները համարում են ոչ էական, քանի որ խոսքի ազատությունը սահմանափակող մյուս օրենքները մնում են անփոփոխ:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG