Մատչելիության հղումներ

«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով Հայաստանին արդեն հատկացված միջոցները կբավարարեն մինչեւ մայիս


«Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով Հայաստանը արդեն ստացել է շուրջ 16 միլիոն դոլար: Եվս 11 միլիոնի հայտ «Հազարամյակի մարտահրավեր - Հայաստան»-ը արդեն ներկայացրել է, բայց ամերիկյան կորպորացիայից առայժմ արձագանք չի ստացել:

«Հազարամյակի մարտահրավեր - Հայաստան»-ի գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը այսօր ասաց, որ ստացված գումարը բավարար է մինչեւ մայիս նախանշված ծրագերի իրականացման համար:

Հարցին, թե հնարավոր է գումարի հաջորդ մասնաբաժինը չփոխանցվի, Արա Հովսեփյանը արձագանքեց. - «Մենք հիմա շարունակում ենք աշխատել, բայց որեւէ կոնկրետ բան ես ձեզ չեն կարող ասել»:

Շահառուների խորհրդի մի քանի անդամներ խորհրդի այսօրվա նիստում շարունակեցին պնդել, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը, մասնավորապես ժողովրդավարական ինստիտուտների հետ կապված խնդիրները, որոնց մասին հիշատակվում է նաեւ կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչի` մարտի 11-ին Հայաստանի նախագահին ուղղված նամակում, վտանգում է ծրագրի հետագա իրականացումը:

Դեռեւս նախորդ նիստում (գրեթե մեկ ամիս առաջ) Շահառուների խորհրդի անդամ Լեւոն Բարսեղյանը առաջարկել էր, որպեսզի խորհուրդը, որը կոչված է ներկայացնել քաղաքացիական հասարակությունը, որեւէ կերպ արձագանքի Դանիլովիչի նամակին:

Այսօր Բարսեղյանը տեղեկացրեց, որ ինքը բազմիցս այս ընթացքում խորհրդի անդամներին ուղարկել է հայտարարության նախագծեր, բայց նրանց մեծ մասից արձագանք չի ստացել:

Ուստի խորհրդի անդամներից 3-ը` Լեւոն Բարսեղյանը, Արթուր Սաքունցը եւ Սեյրան Մարտիրոսյանը, պատրաստել են հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է. - «Նախագահի վերջին ընտրությունների ժամանակ տեղ գտած օրինախախտումները, դրան հաջորդած զարգացումները, մարդու իրավունքների զարգվածային ոտնահարումները, մամուլի եւ խոսքի ազատության սահմանափակումները էականորեն կարող են նվազեցնել Հայաստանի ցուցանիշներից մի քանիսի վիճակը, ինչը հասկանալի կերպով ծրագրի կասեցման կամ դադարեցման լուրջ սպառնալիք է հանդիսանում: Կարծում ենք, որ իշխանությունները պարտավոր են հետաքննել զանգվածային ընտրախախտումները, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված ուժային գործողությունները, տասը հայորդիների սպանության, հարյուրից ավելի մարդու վիրավորվելու, հազարից ավելի մարդու բերման ենթարկելու, Հայաստանի քաղաքացիների իրավունքների հետեւողական սահմանափակումների, մամուլի գրաքննության, քաղաքական հետապնդումների, բանտային խոշտանգումների դեպքերը եւ հաշվետու լինել հանրությանը»:

Արթուր Սաքունցը առաջարկեց այսօրվա նիստի օրակարգում ընդգրկել ժողովրդավարական հաստատությունների` որպես ծրագրով նախատեսված անհրաժեշտ չափանիշներից մեկի, քննարկումը: Մոտ մեկ ժամ տեւած բանավեճից հետո, սակայն, Շահառուների խորհրդի անդամները 3 կողմ, 5 դեմ եւ 4 ձեռնպահ ձայներով դեմ քվեարկեցին հարցը օրակարգ մտցնելուն:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG