Մատչելիության հղումներ

Երեւանում բացվել է բրիտանական Քեւնդիշ համալսարանի մասնաճյուղ


Քեւնդիշը լոնդոնյան համալսարան է, հիմնադրվել է 1995 թվականին, ունի մասնաճյուղեր Հնդկաստանում, Իրանում եւ շատ այլ ասիական ու աֆրիկյան երկրներում: Հայաստանում գործում է 2007 թվականից, անցկացրել է մասնագիտական կարճաժամկետ դասընթացներ:

Քեւնդիշի լոնդոնյան կենտրոնի տնօրեն Ջոն Սանդերսն ասաց, որ իրենք փորձում են ընդլայնել իրենց համալսարանական ցանցը, որորվհետեւ աշխարհում կա որակյալ կրթության պահանջ:

«Շատ մարդիկ ֆինանսապես ի վիճակի չեն ստանալ կրթություն Լոնդոնում, որովհետեւ գներն այնտեղ շատ բարձր են, այդ պատճառով էլ մենք փորձում ենք արտահանել լավ կրթությունը Լոնդոնից դուրս ու գտնել համագործակցության եզրեր այլ կրթական հաստատությունների հետ», - ասաց Ջոն Սանդերսը:

Համալսարանի երեւանյան մասնաճյուղը դեռեւս ունի միայն մեկ` կառավարման ֆակուլտետ, այսինքն պատրաստելու է միայն տնտեսագիտության ոլորտի մասնագետներ:

Երեւանում տեղական ու միջազգային շատ համալսարաններ պատրաստում են այս ոլորտի մասնագետներ, այնուամենայնիվ կառավարման ֆակուլտետի ղեկավար Գայանե Հարությունյանը Քեւնդիշի մուտքը այդ ոլորտ ավելորդ չի համարում:

«Ամեն մի համալսարան բերում է իր մշակույթը, իր ուսուցման մոտեցումներն ու դասավանդման եղանակները: Մենք չենք թերագնահատում ոչ հայաստանյան ուսումնական պետական հաստատությունները, ոչ էլ այստեղ գործող միջազգային հաստատությունները, գիտենք, որ մեզ մեծ մրցակցություն է սպասվում, եւ մեր միակ կռվանը պետք է լինի որակը», - ասաց Գայանե Հարությունյանը:

Քեւնդիշի հայաստանյան մասնաճյուղի ռեկտոր Դեյվիդ Գեյմը ավելացրեց. - «Մենք գտնում ենք, որ կառավարումը ամենամեծ պահանջարկը վայելող, ամենապրակտիկ ու հեշտ դասավանդվող մասնագիտությունն է, բայց մենք բիզնես դպրոց դառնալու նպատակ չունենք, մենք պատրաստվում ենք ընդլայնել համալսարանը, ունենք շատ այլ գաղափարներ, օրինակ ես գեղարվեստի ոլորտի մասնագետ եմ ու կցանկանայի աշխատանք կատարել հենց այս ոլորտում»:

Քեւնդիշ ընդունվելու համար ուսանողները հանձնելու են անգլերենի, մաթեմատիկայի ու ընդհանուր տրամաբանությունը ստուգող թեստեր, կազմակերպվելու են դիմորդների ու հանձնաժողովների անդամների հանդիպումներ:


Նանե Սահակյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG