Մատչելիության հղումներ

Անցկացվեց հայ-ադրբեջանական սահմանի հերթական մոնիտորինգը


Այսօր կեսօրին հայ-ադրբեջանական սահմանի Այգեպար - Ալիբալի հատվածում տեղի ունեցավ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հերթական մոնիտորինգը: Հրադադարի ռեժիմի խախտումներ չարձանագրվեցին:

Ադրբեջանի կողմից մոնիտորինգն անցկացնում էր ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը` իր օգնականներով, իսկ Հայաստանի կողմից` Կասպրշիկի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը (Հունգարիա), Իրժի Ագիրլեն (Չեխիա) եւ Ժեսլան Նուրտալիեւը (Ղազախստան):

Սահմանի երկու կողմից ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները հաստատում են տեսողական կապ եւ ռադիոկապ եւ 5 րոպե ֆիքսում, որ հրադադարի խախտում չկա: Սա ձեւական չէ, քանի որ եղել են դեպքեր, երբ կրակոցներ են հնչել բուն մոնիտորինգի ժամանակ:

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ վարչության սահմանային ներկայացուցչության բաժնի պետ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը լրագրողներին ասաց, որ տարեսկզբից ի վեր հրադադարը խախտվել է 1200 անգամ: Անցած ամբողջ տարվա ընթացքում արձանագրվել էր հրադադարի խախտման 1500 դեպք:

Սահմանի Տավուշի մարզի հատվածում այս տարի հայկական կողմից վիրավորվել է 3 զինծառայող (անցած տարի` 1 սպանված եւ 7 վիրավոր):

Սահմանամերձ Այգեպար գյուղի բնակիչները «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ այս տարի ադբեջանական կողմից հաճախ կրակ է բացվում քաղաքացիական անձանց` գյուղում աշխատող մարդկանց ուղղությամբ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG