Մատչելիության հղումներ

Lեւոն Գուլյանի գործով դատավարությունը հետաձգվեց


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը այսօր չկայացրեց ակնկալվող որոշումը Lեւոն Գուլյանի գործով` հետաձգելով դատավարությունը մինչեւ մայիսի 22-ը:

Դատարան հայց ներկայացրած կողմը պահանջում էր անօրինական ճանաչել անցած տարվա մայիսի 12-ին որպես վկա ոստիկանություն հրավիրված եւ այնտեղ մահացած Lեւոն Գուլյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու մասին քննչական մարմնի որոշումը: Սպասվում էր, որ դատարանն այսօր կամ կբավարարի հայցը, կամ ուժի մեջ կթողնի քննչական մարմնի որոշումը:

Դատավոր Գագիկ Ավետիսյանը, սակայն, որոշեց վերսկսել դատավարությունը:

Ավետիսյանը երկու հարց ուղղեց գործը քննությանը վարած քննիչ Պետրոսյանին. ինչպե՞ս պատահեց, որ 93 կիլոգրամ քաշ ունեցող Գուլյանը պատուհանից ընկնելիս դիպել է խողովակին, բայց խողովակը չի ձեւափոխվել եւ ո՞ւմ է պատկանում պատուհանագոգին հայտնաբերված ձեռքի ափի հետքը (քանի որ այն ոչ Գուլյանինն էր, ոչ էլ այդ սենյակի աշխատակիցներից որեւէ մեկինը): Քննիչը չկարողացավ պատասխանել այդ հարցերին:

«Իհարկե, դատարանը իրավունք ունի գործի քննությունը վերսկսել, բայց դա կարող է անել միայն այն դեպքում, երբ խորհրդակցական սենյակում հանգում է եզրակացության, թե առկա է որոշակի բաց», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով դատարանի որոշումը, ասաց Lեւոն Գուլյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Արամ Կարախանյանը: - «Ըստ էության, դատարանը անհրաժեշտություն ունի որոշակի ժամանակի… Ինձ թվում է, որ իրավաբանական առումով ամեն ինչ շատ հստակ է եւ պարզ: Ըստ էության, կարճումը ակնհայտորեն օրենքի սահմաններից դուրս է... Հետեւաբար իրավաբանական ինչ-որ լրացուցիչ հետազոտություններ կամ ուսումնասիրություններ անելու համար չի հետաձգվել»:

Նրա խոսքով, հետագա ընթացքը ցույց կտա, թե ինչու դատարանը հետաձգեց որոշման կայացումը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG