Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանյան մամուլը հինգերորդ տարին անընդմեջ Freedom House-ի կողմից գնահատվել է «ոչ ազատ»


Արդեն հինգերորդ տարին անընդմեջ հայաստանյան մամուլը Freedom House հեղինակավոր կազմակերպության կողմից գնահատվել է որպես «ոչ ազատ»: «Չնայած խոսքի ազատությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով, այդուամենայնիվ, գործնականում այդ իրավունքը վտանգված է», - այս տարվա զեկույցում փաստել է միջազգային կազմակերպությունը:

2007 թվականին տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Հայաստանը խոսքի ազատության բնագավառում մի փոքր նահանջ է արձանագրել, եւ այժմ աշխարհի շուրջ 195 երկրների շարքում զբաղեցնում է 144-րդ հորիզոնականը` կիսելով այն Գվինեայի, Մալդիվյան Հանրապետության, Մոլդովայի եւ Պակիստանի հետ:

Անդրադառնալով այդ նահանջի շարժառիթներին` կազմակերպության հետազոտությունների գծով տնօրեն Քրիս Ուոքերը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում առանձնացրեց հատկապես իշխանությունների կողմից ճնշումները, որոնք, զեկույցի համաձայն, «իրենց գագաթնակետին են հասել 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչպես նաեւ տարեվերջին` 2008 թվականի նախագահական ընտրությունների շեմին»:

Կազմակերպությունը նշում է, որ քարոզարշավի ընթացքում, ըստ լրատվական դաշտը դիտարկող խմբերի, էլեկտրոնային լրատվամիջոցները իրենց հաղորդումներում առավելապես իշխանամետ են եղել, թեեւ ընդդիմադիր թեկնածուները, ի տարբերություն նախորդ ընտրական շրջանների, այս անգամ ավելի շատ լուսաբանման են արժանացել:

«Էլեկտրոնային լրատվամիջոցների մոնիտորինգը ցույց է տալիս, որ նախագահի երկու առաջատար թեկնածուների լուսաբանումը խիստ կանխակալ է եղել. նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ստացել է առավելապես դրական լուսաբանում, նախկին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանը` խիստ քննադատական», - փաստում է Freedom House-ը:

«Lրատվամիջոցների նկատմամբ ճնշում կար` չլուսաբանել ընդդիմադիր գործիչներին», - գրում է հեղինակավոր կազմակերպությունը եւ փաստում, որ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ինտենսիվ ճնշումների է ենթարկվել, երբ հեռարձակել է առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը. - «Հարկային մարմինները սկսեցին ստուգումներ իրականացնել հեռուստաընկերությունում, ինչը ներկայանում է որպես իշխանությունների կողմից աջակցվող ջանք` կայանը փակելու նպատակով»:

Զեկույցը հիշատակում է նաեւ «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրատանը անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած պայթյունը, որը փորձագետները կապում են իշխանությունների հասցեին ընդդիմադիր պարբերականի տպագրած քննադատական հրապարակումների հետ: Նշվում է, որ թերթի լրագրողները տարվա ընթացքում բանավոր եւ ֆիզիկական հարձակումների են ենթարկվել:

Ընդհանուր գծերով ներկայացնելով հայաստանյան լրատվական դաշտը` Freedom House-ը փաստում է. - «Մասնավոր թերթերից քչերն են ինքնաֆինանսավորվող, եւ մեծ մասը կախված են գործարար շրջանակներից ու իշխանական կապերից: Հեռուստաընկերությունների մեծ մասը եւս տնօրինում են կա’մ իշխանամետ քաղաքական գործիչները, կա’մ իշխող կուսակցության հետ կապեր ունեցող գործարարները»:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG