Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը թերահավատ է ներկա պայմաններում ընդդիմության հետ երկխոսության հնարավորության առումով


Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը երկուշաբթի օրը թերահավատություն հնչեցրեց, թե ներկա իրավիճակում հնարավոր է երկխոսությունը իշխանության եւ ընդդիմության միջեւ:

«Երկխոսության առաջարկություն վաղուց հնչել է` անվերապահորեն բոլորին», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ազգային ժողովի նախագահը եւ իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահը: - «Նրանք, ովքեր չեն ընդունում Հայաստանում օրենքների կիրառման անհրաժեշտությունը, նրանք, ովքեր ոտնահարում են օրենքները, նրանք, ովքեր չեն ընդունում Հայաստանում տարբեր կառույցների` այդ թվում նաեւ Սահմանադրական դատարանի, որոշումները... ո՞րը պիտի լինի հիմքը, որի վրա կառուցվի այդ երկխոսությունը: Ի՞նչ երկխոսություն կարող է լինել այս պարագայում, ի՞նչ հարցի հետ կապված»:

Խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնելու գաղափարի շուրջ Թորոսյանի կարծիքը հետեւյալն է. - «Ընտրություն անելով ոչ կուսակցությունները կկայանան լիարժեքորեն, ոչ քաղաքացիական հասարակության կառույցները կձեւավորվեն լիարժեքորեն, ոչ հարաբերությունները կտեղափոխվեն ընդունելի հարթություն, ոչ էլ առկա խնդիրները, որոնք կան, այո, նաեւ տարբեր պետական կառույցներում, կլուծվեն»:

Ազգային ժողովի նախագահը ասաց, որ ուրբաթ օրը եվրոպացի փորձագետներին են ուղարկվել հանրահավաքների մասին օրենքի փոփոխությունները, եւ եզրակացությանը սպասում են մինչեւ մայիսի կեսերը:

ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւը, ըստ Թորոսյանի` «լիարժեք չի համապատասխանում կատարված իրադարձությունների պատկերին»:

«Ցանկացած փաստաթուղթ, որն ուղղված է Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը, պետք է հաշվի առնենք, բոլոր առաջարկությունները ուշադրության արժանացնենք», - այդուհանդերձ, հավելեց նա:


Ռուզան Խաչատրյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG