Մատչելիության հղումներ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կայքէջերը հարձակման են ենթարկվել


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի 18 ծառայություններից 8-ի կայքէջերը անցած շաբաթ օրը՝ ապրիլի 26-ին ենթարկվել են ինտերնետային հուժկու հարձակումների, ինչի արդյունքում որոշ ժամանակով էջերն անմատչելի են դարձել այցելուների համար:

Մի քանի ժամում ամբողջությամբ խափանվել է ռադիոկայանի բելառուսական, Կոսովոյի, ադրբեջանական, թաթար-բաշկիրական, իրանական, ռուսական, հարավսլավոնական եւ տաջիկական ծառայությունների կայքէջերի աշխատանքը: Մնացած ծառայությունների կայքէջերը նույնպես մասամբ տոււժել էին:

Համակարգչային ավազակների իրականացրած գրոհների առաջին թիրախը բելառուսական ծառայությունն է եղել:

«Ապրիլի 26-ը կարեւոր օր է բելառուսների համար: Այդ օրը լրացավ Չեռնոբիլի ատոմակայանի աղետի 22-րդ տարելիցը», - ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության տնօրեն Ալեքսանդր Լուկաշուկը եւ հավելել. - «Այդ օրը մեր կայքէջի մշտական այցելուները մտադիր էին տեղեկություններ ստանալ ցույցի մասին: Ցույցի մասնակիցները բողոք են հայտնում ատոմակայանի վթարից տուժածների համար նախատեսված փոխհատուցումը չվճարելու, ինչպես նաեւ Բելառուսում նոր ատոմակայան կառուցելու ծրագրի կապակցությամբ»:

Ապրիլի 26-ին հարձակումների են ենթարկվել նաեւ բելառուսական մի շարք ընդդիմադիր կազմակերպությունների կայքէջերը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի տեխնոլոգիական բաժնի ղեկավար Լյուք Սփրինգերի փոխանցմամբ, համակարգչային գրոհը սկսվում է թիրախ ընտրված էջի հետ շփում հաստատելու կեղծ դիմումով, ինչից հետո ավազակները գրավում են էջի բոլոր ազատ հատվածները, ինչի արդյունքում էջը իր օրինական այցելուների համար դառնում է անմատչելի:

Այդ գրոհն անվանում են DoS՝ denial-of-service, այսինքն` «սպասարկման մերժում»: «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կայքէջերը նախկինում ենթարկվել են նման գրոհների, սակայն այս մեկն աննախադեպ է իր ծավալով՝ ռադիոկայանի ինտենետային ցանցի մասնագետները գրանցել են վայրկյանում 50 հազար կեղծ այցելություն:

Գոյություն ունի նաեւ շատ ավելի վտանգավոր եւ կատարելագործված գրոհ, այն անվանում են DDoS՝ «սպասարկման բաշխված մերժում»: «Սպասարկման բաշխված մերժումն իրականացվում է նույն մեխանիզմով, բայց նախ գրոհի նախաձեռնողն իր ծրագիրն ուղարկում է ուրիշ ցանցեր եւ ստիպում դրանց համատեղ հարձակվել մեկ թիրախի վրա», - ասել է Լյուք Սփրինգերը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆ Գեդմինը մտահոգություն է հայտնել այդ գրոհների կապակցությամբ: «Եթե լիներ ազատ եւ անկախ մամուլ այն երկրներում, որոնց համար մենք աշխատում ենք եւ հեռարձակում ենք մեր հաղորդումները, ապա մեր գոյությունն անիմաստ կլիներ: Այդ երկրներում ազատ տեղեկատվությունը, գաղափարների ազատ տարածումը թթվածին է քաղաքացիական հասարակության համար», - ասել է Ջեֆ Գեդմինը եւ հավելել. - «Այնտեղ ռեժիմները պատրաստ են անել ամեն ինչ` կասեցնելու համար տեղեկատվության տարածումը, դա կարող է լինել ե'ւ հեռարձակման խլացում, ե'ւ համակարգչային գրոհ»:

Համակարգչային գրոհները ետ մղելու համար անհրաժեշտ է հատուկ software՝ ծրագրային ապահովում, որը կպաշտպանի համակարգչի բոլոր տվյալներն ու ծրագրերը: Վերջին տարիների ընթացքում համակարգչային գրոհների քանակը եւ որակն էապես աճել են: Գրոհն իրականացնելու համար հարկ է ստեղծել հատուկ բարդ ծրագիր, ինչը համապատասխան հմտություն եւ կրթություն է պահանջում:

Անցած տարիների ընթացքում «ինտերնետային գրոհների» են ենթարկվել մի շարք երկրների պետական կառույցների, ինչպես նաեւ աշխարհահռչակ ընկերությունների կայքէջերը: Այդ հարձակումներն ի զորու են քաղաքական եւ տնտեսական խոշոր վնաս հասցնել:

2007 թվականին իրար հաջորդող մի քանի հարձակումների են ենթարկվել էստոնական կայքէջերը: Էստոնիան պնդել է, թե դրա համար Ռուսաստանն է պատասխանատվություն կրում: Մոսկվան հերքել է մեղադրանքը:

Մի քանի անգամ «ինտերնետային մարտերի» մեջ են ներքաշվել նաեւ հայ եւ ադրբեջանցի ծրագրավորողները:

Այսօրվա դրությամբ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի համակարգչային ապահովման բաժնի մասնագետների կողմից արդեն վերականգնված են վնասված բոլոր կայքէջերը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG