Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը «համազգային ճգնաժամ» է որակում իրավիճակը


Հայաստանի առաջին արտգործնախարար, խորհրդարանում ներկայացված միակ ընդդիմադիր ուժի` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում «համազգային ճգնաժամ» որակեց Հայաստանում ստեղծված իրավիճակը:

Հովհաննիսյանը ասաց, որ իր քաղաքացիական պարտքն էր համարում Սերժ Սարգսյան - Lեւոն Տեր-Պետրոսյան հանդիպումը կազմակերպելը, սակայն հանդիպումը չի կայանա, քանի որ կողմերը նախապայմաններ են առաջադրել:

«Ես հորդորեցի, որ իրենք վեր կանգնեն իրավիճակի, պահի հուզականությունից` հասկանալով, որ կա ընդհանուր պատասխանատվության խնդիր, ուժ գտնեն դեմ-դիմաց հանդիպել եւ հարցերը քննարկել», - պատմեց նա: - «Առաջին նախագահից նամակ ստացա ի պատասխան, թեեւ իր հետ բանավոր զրույցի ընթացքում հասկացել էի, որ իրեն հուզում է քաղաքական դրդապատճառներով բանտարկված քաղաքացիների ազատ արձակման առաջնահերթությունը, իսկ գործող վարչապետին հանդիպեցի հավանաբար հաջորդ օրը: Շիտակ խոսակցություն էր` քննադատական ողջ համալիրով: Ինքն էլ իր հերթին, մտահոգություն առաջարկեց` մի այլ ոլորտի նախապայման առաջարկելով: Դրա համար, փաստորեն, մենք ունեցանք վիճակ, որտեղ յուրաքանչյուր գործիչ ուներ իր մոտեցումը, եւ շարունակություն չունեցավ այդ գործընթացը»:

Հարցին, թե կձեռնարկի նման հանդիպման միջնորդության նոր փորձ, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. - «Ես չեմ կարծում, որ հերթական նամակի կամ հեռախոսազանգի կարիք կա: Հարուցված է հարցը, եւ եթե իրենք ցանկությունը ունեն, ես վստահ եմ, որ իմ կարիքը չունեն իրար հետ հանդիպելու... Որքան էլ կարեւոր է այդ հանդիպումը, տղամարդավարի, քաղաքացիական երկխոսությունը, միայն դրա գոյությունը ամբողջական լուծում չէ: Իշխանությունը առաջին հերթին պետք է խոսքը գործի վերածելու կամքը լուծի «Ժառանգություն» կուսակցության, այլ ընդդիմադիր կազմավորումների եւ ողջ հասարակության հետ: Ահա այդտեղ է իրենց քննությունը»:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը չբացառեց, որ ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում պատվիրակությունը զրկվի քվեարկելու իրավունքից. - «Մեզ մոտ տառի եւ ոգու, խոսքի եւ գործի անջրպետ կա: Ես չեմ տեսել բարի կամքի որեւէ փաստ կամ ապացույց... Ես ներկա դրությամբ որեւէ քայլ չեմ տեսել, որը կարտացոլի այդ հանձնառությունը եւ այդ կամքը խոսքից գործի անցնելու համար»:


Աստղիկ Բեդեւյան

(Lուսանկարը` ՖՈՏՈLՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG