Մատչելիության հղումներ

Համաժողովրդական շարժման կոնգրեսը կանցկացվի Կառավարության նիստերի դահլիճում


Երկու անգամ մերժելուց հետո Կառավարությունը համաձայնել է իր նիստերի դահլիճը տրամադրել Հայաստանի առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանին ու նրան սատարող քաղաքական ուժերին` Համաժողովրդական շարժման երկրորդ կոնգրեսն անցկացնելու համար:

Lեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի անդամ Մանուշակ Պետրոսյանի կարծիքով, իշխանություններն այս քայլին գնացել են միայն այն պատճառով, որ առաջին նախագահի կողմնակիցները արդեն ծրագրում էին կոնգրեսն անցկացնել Վրաստանում, քանի որ մերժվել էին նաեւ մայրաքաղաքի մի շարք այլ դահլիճներ վարձակալելու իրենց դիմումները:

«Դա ես համարում եմ նվաճում», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Պետրոսյանը: - «Փաստորեն ճարահատյալ, ես չէի ասի մեծ ուրախությամբ, [իշխանությունները] գնացին այդ քայլին: Մի շարք առումներով դա շատ ամոթալի, ծիծաղելի էր լինելու, եւ միջազգային հնչեղությունը այդ կոնգրեսի ավելի մեծ էր լինելու արտագնա լինելու պարագայում»:

Մանուշակ Պետրոսյանը փոխանցեց, որ իրենք պայքարում են նաեւ հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու իրավունքը վերականգնելու ուղղությամբ. արդեն դիմել են Սահմանադրական դատարան` համապատասխան օրենքում հանրահավաքների անցկացումը սահմանափակող փոփոխությունները հակասահմանադրական ճանաչելու հայցով:

Մարտի 21-ից (արտակարգ իրավիճակի վերացումից) ի վեր Lեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները երկու տասնյակից ավելի մերժում են ստացել հանրահավաք անցկացնելու իրազեկմամբ Երեւանի քաղաքապետարան ներկայացրած դիմումներին: Մի քանի դիմումների մերժումը վիճարկել են դատական կարգով, սակայն արդյունքի չեն հասել:

Դիմումներից մեկի մերժման կապակցությամբ դիմել են Սահմանադրական դատարան:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG